Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները. Միրզոյան

Հայաստանը կարևորում է ոչ այդքան, թե ով է նպաստում բանակցությունների անցկացմանը, որքան այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է բանակցությունները շարունակվեն։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ 

«Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում, և մենք ավելի քան շահագրգռված ենք տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմամբ։ Մենք համոզված ենք, որ սա շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի բնակչության, այլև տարածաշրջանի պետությունների համար։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն նույն չի արտացոլվում մեր հարևանների վարքագծում»,- ասել է նա։ 

Ըստ Միրզոյանի, Հայաստանը ներգրավված է եղել բանակցություններում ի թիվս այլոց, նաև Եվրոպական միության աջակցությամբ. «Ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։ Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները: Ինչպես նշեցի, մենք կարևորում ենք ոչ այդքան, թե ով է նպաստում բանակցությունների անցկացմանը, որքան այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է բանակցությունները շարունակվեն: Եվ այս համատեքստում կցանկանայի կրկին ընդգծել, որ դրանք են տարածքային ամբողջականությունը, սահմանների ճանաչումը և անքակտելիությունը, ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա, կարծում եմ, պետք է խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի:

Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, Խորվաթիայի կամ ԵՄ մասնակցությանը, կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Խորվաթիային և ԵՄ-ին՝ մեր տարածաշրջանում սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման համատեքստում: Արդեն իսկ հիշատակել եմ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, իսկ լրացուցիչ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի և ԵՄ անդամ երկրներին 2023թ. սեպտեմբերին ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած փախստականների հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերած աջակցության համար»,- ասել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print