Տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանում տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից:
Նիկոլ Փաշինյանին այս մասին են զեկուցել հունվարի 19-ին Պետական եկամուտների կոմիտեում կոմիտեի՝ 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկմանը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից՝ ՊԵԿ-ում վարչապետին է ներկայացվել նաև ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացը, զեկուցվել է, որ համակարգի ծրագրավորման աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտին: Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և ընտանիքի անդամների համար կրթական և առողջապահական ոլորտներում կատարած սոցիալական ծախսից:
Հարկային և մաքսային մարմիններում զուգահեռաբար ներդրվել և կատարելագործվել են նաև մի շարք էլեկտրոնային հարթակներ, այդ թվում՝ մաքսային իրավախախտումների միասնական շտեմարանը, հետբացթողումային ստուգումների համակարգը, ծանուցումների համակարգը, e-invoicing նոր համակարգը, որտեղ ստեղծված են հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելու առավել հարմարավետ գործիքներ: Ներդրվել է նաև տրանսֆերային գնագոյացման հաշվառման համակարգը․ վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Առաջիկայում կներդրվի նաև մաքսային հսկողության գոտիներում ապրանքների հաշվառման համակարգը:
Իսկ տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից: Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարի ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր: