«Սուրբ Սարգիս» բարեխոս սրբապատկերը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում

Ինչպես այս, այնպես էլ Սրբին նվիրված կանոնիկ պատկերագրությունում, Սուրբ Սարգիսը հիմնականում ներկայացվում է որդու՝ Մարտիրոսի հետ:

Հունվարի 23-ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը, որը շուրջ 85 տարի առաջ Պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցուց (7-րդ դար)։

Կտավում Սուրբ Սարգիսը պատկերված է հեծյալ զորավարի կերպարանքով: Ինչպես այս, այնպես էլ Սրբին նվիրված կանոնիկ պատկերագրությունում, Սուրբ Սարգիսը հիմնականում ներկայացվում է որդու՝ Մարտիրոսի հետ: Սուրբ Սարգսի որդու մասին պատմությունը առկա է միայն հայկական աղբյուրներում և սրբի վարքագրության անբաժանելի մասն է:

Չար ուժերին հաղթող հեծյալ սուրբը կրում է զինվորական հանդերձանք՝ քամուց ծածանվող կարմիր թիկնոց, ձեռքին՝ վեր բարձրացրած աշտե, ոտքերին՝ ճտքավոր կոշիկներ, գլխին՝ սաղավարտ և լուսապսակ: Դեմքը պատկերված է շեշտված դիմագծերով՝ թուխ աչքեր, երկարավուն դեմք, կարճ մորուս, ճակատը ծածկում է սաղավարտը: Մարտիրոսն ունի դեղնաոսկեգույն հանդերձանք, նա գեղեցկադեմ է և լուսապսակով:

Նժույգը մոխրագույն է, զարդագեղ հանդերձանքով՝ նախշերով փափուկ թամբ, կաշվե նուրբ ծոպերով սանձ: Ոտքերի տակ փարթամ կանաչավուն մարգագետինն է՝ հայերեն գրությամբ. «Յիշատակ է, պատկեր ի Վարդազարի որդի Ստէփանին, որ ․․․ ՌՆ Ամէնափրկիչ սբ եկեղեցուն ՄՀ թվն»։

Սրբապատկերում գազանի սպանությունը բացակայում է:

Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է: Նա ապրել է 285-337 թվականներին, իր որդու՝ Մարտիրոսի և այլ քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ավելի ուշ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքը բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում, որտեղ նրա պատվին կառուցվել է եկեղեցի։

2007 թվականից Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Ավանդույթի համաձայն, այս տոնին երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print