Գերմանացի պատգամավորն առաջարկել է կասեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Ըստ քաղաքական գործչի՝ այսօր դրամատիկ էսկալացիա է Ադրբեջան ներքին քաղաքականության մեջ, որտեղ շատանում են քաղբանտարկյալները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 հազարից ավելի մարդ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը։ Տեղեկությունը հրապարակվել է ԵԽԽՎ X-ի միկրոբլոգում։ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության էական հիմքերով: Համապատասխան որոշումն ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության կկայացվի չորեքշաբթի՝ քննարկումից հետո:

Վիճարկման առաջարկն արել է գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն: Ըստ քաղաքական գործչի՝ այսօր դրամատիկ էսկալացիա է Ադրբեջան ներքին քաղաքականության մեջ, որտեղ շատանում են քաղբանտարկյալները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 հազարից ավելի մարդ: «Մեր վեհաժողովի զեկուցողներին երեք անգամ հնարավորություն չտրվեց 2023-ին այցելել Լաչինի միջանցք: Իսկ այսօր արդեն Եվրոպական խորհուրդը չի ստանում Ադրբեջանի նախագահի ընտրությանը հետևելու հրավեր»,- ասել է պատգամավորը: Շվաբեի համոզմամբ՝ դա համագործակցության բոլոր օրենքների բացահայտ և աններելի խախտում է, փորձ՝ խարխլելու Եվրոպական խորհուրդը և հանդես գալու մյուս բոլոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դեմ: Գերմանացի օրենսդիրի համոզմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը պետք է ուղղակի պատասխանատվություն կրի այդ ամենի համար, պետք է կասեցվեն նրա լիազորությունները: Շվաբեն դիմել է ԵԽԽՎ-ի անդամներին տալ հստակ արձագանք: Նախագահողի առաջարկից հետո դահլիճում ներկա պատգամավորների ձայների գերակշիռ մեծանասնությամբ հարցը դրվել է ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քննարկմանը:

Հունվարի 24-ի երեկոյան բանավեճի ընթացքում քննարկվելու է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցման կամ վավերացման հարցը: Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ կարող է որոշում կայացվել վավերացնել պատվիրակության լիազորությունները, կասեցնել դրանք կամ կասեցնել մասամբ: Մինչև այդ Ադրբեջանի պատվիրակները կարող են մասնակցել նիստերին, սակայն իրավունք չեն ունենա մասնակցել իրենց հարցով քվեարկությանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print