Չորրորդ դասարանում քննություններ չեն լինի

4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվի գիտելիքի ստուգում, և սովորողը կտեղափոխվի կրթության հաջորդ աստիճան՝ ձևավորված բնութագրերի հիման վրա։

Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների բոլոր դասարաններում ուսուցումն իրականացվում է Հանրակրթության նոր պետական չափորոշչի համաձայն, որը պահանջում է քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացի առանձնահատկությունների հստակեցում և համակարգված, միասնական մոտեցում գործընթացին: Ըստ փորձարկվող  փոփոխությունների՝ 4-րդ դասարանում գիտելիքի ստուգում չի իրականացվի, իսկ 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն այլ ընթացակարգով, հայտնում է armradio.am-ը։

2023-2024 ուսումնական տարում Տավուշի մարզի, իսկ հաջորդող տարիներից Հայաստանի բոլոր դպրոցներում  hիմնովին փոխվելու է կրթական աստիճանի ավարտին իրականացվող գիտելիքի ստուգման և ավարտական քննությունների ձևաչափը։ Ըստ նախարարության՝ քանի որ նոր չափորոշչի կարևոր բաղադրիչ է նախագծային ուսուցումը, որի ներդրման արդյունավետությունն առավել լավ կդրսևորվի հատկապես բնագիտական ուղղությունների ավարտական քննությունների ընթացքում, 4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվի գիտելիքի ստուգում, և սովորողը կտեղափոխվի կրթության հաջորդ աստիճան՝ ձևավորված բնութագրերի հիման վրա։ Այն՝ որպես սովորողի գիտելիքի վերջնարդյունք, կհամարվի ատեստավորում: Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ սա այն համակարգային փոփոխություններից է, որը սկսվում է հանրակրթության պետական չափորոշչից։

«Չափորոշիչն իրենով պայմանավորում է՝ ինչպիսի քննություն պետք է լինի, պետք է լինի․ թե՝ ոչ։  Ինչպիսի գնահատման համակարգ պետք է լինի, ինչ դասագրքեր, ուսումնական նյութեր պետք է լինեն»։

Ըստ նոր փոփոխության՝  9-րդ դասարանի ավարտական քննությունները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից կանցկացվեն գրավոր՝ էսսեի միջոցով, որը ինքնուրույն մտածելու, վերլուծություններ անելու կարողությունը կստուգի:

«Քննությունները պետք է լինեն այնպիսին, որ դրանք ոչ թե բերեն ամբողջ կրթական համակարգի ձևախեղման, որ այդ օրը գնա ընտրի ճիշտ պատասխանները, ինչ–որ մի թվանշան ստանա ու գնա առաջ, ու իրականում ոչ ոքի չհետաքրքրի՝ ինչ–որ բան սովորեց, հասկացավ, թե՝ ոչ։ Հիմա մենք փոխում ենք քննությունների ձևաչափն այնպես, որ անգիրի կարիք չլինի։ Էսսեն այն ձևերից է, որ երեխաները վերցնելով կոնկրետ թեմա՝ դրա շուրջ հետազոտական աշխատանք են անելու»։

Փոփոխությունները գուցե դրական մտադրությամբ են ներդրվում , բայց պետք չէ անտեսել նաև ռիսկերը։ Իսկ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրայանն այս ճանմապարհին ռիսկերի մի ամբողջ փաթեթ է մատնանշում։

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբ դու անցնում ես գիտելիքի ստուգման ավելի նոր ձևերի, ինչպիսին, օրինակ, նախագծային ուսուցումն է, այն երեխաները, որոնք ավելի թույլ են սովորում, ավելի շատ են հետ մնալու։ Նախագծային ուսուցումն ու քննությունը ոչ թե հակասում են միմյանց, այլ փոխկապակցված են։ Փորձը ցույց է տվելո, որ եթե երեխան չգիտի բուն նյութը, չի կարող նորմալ նախագիծ իրականացնել։ ՄԵնք պետք է այդ երկուսը դիտարկենք որպես շենքի հարկեր։ Եթե չկա առաջին հարկը/քննությունը/, երկրորդ հարկը/նախագծային ուսուցումը/ չի կարող ամուր լինել»։ 

Ըստ նոր չափորոշչի՝ բնագիտական առարկաների դեպքում սովորողը կունենա ընտրելու հնարավորություն՝ թեստ կամ նախագիծ: Ընդ որում, թեստի առաջադրանքները կազմվելու են նոր տրամաբանությամբ՝ միջազգային համապատասխան հետազոտությունների՝ TIMSS-ի և PISA-ի մեթոդաբանությամբ։ Այդ ձևով կկազմվեն նաև մաթեմատիկայի, հայոց լեզվի և օտար լեզվի թեստերը։ Միշտ չէ, որ գնահատման նոր ձևերը կրթության որակի բարձրացում են ենթադրում՝ նկատում է փորձագետը։

«Քննությունների ժամանակ հաշվի են առնվելու TIMSS և PISA ստուգատեսները, բայց դա շատ ավելի արդյունավետ կլիներ, որ այն մարդիկ, որոնք դասագիրք են գրում, իամանային՝ դրանք ինչ են, ինչ են ստուգում, ինչպես, որպեսզի դասագրքերը գրվեին այդ տրամաբանությամբ։ Դրա համար ճիշտ կլիներ՝ սկզբում հայտարարեին քննական համակարգի փոփոխության մասին, դրա մասին տեղեկացնեին դասագրքրեր գրողներին, որ դասագիրքն էլ համապատասխաներ քննական պահանջներին։ Այդ իմաստով մենք ուշացել ենք, դասագրքերի մեծ մասն արդեն պատրաստ է»։

Նախագծային աշխատանքը պետք է իրականացվի առնվազն երկու բնագիտական առարկայից: Մյուս առարկաների դեպքում թեստերի միջոցով քննական գործընթացի մեխանիզմը կպահպանվի, սակայն կփոխվի առաջադրանքների բնույթը՝ դրանք համահունչ դարձնելով միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը: Միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը համահունչ կլինեն նաև 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները, դարձյալ թեստային եղանակով։ Բոլոր մտավախություններին  կրթության նախարարը պատասխանում է Տավուշում չափորոշչի փորձնական ներդրման արդյունքներով։

«Տավուշի մարզում փորձարկումը տալիս է հենց որակական արդյունք։  Ստացվում է՝ երեխան 12 տարի անցկացնում է դպրոցում, բայց իր կրթական արդյունքն օրինակ 8,3 տարվա է, ինչպես 2015 թվականի արդյունքով գրանցվածք էր Հայաստանի համար։  Սա է մեր ամենակարևոր և լուրջ խնդիրը, որ մեզ պետք է անհանգստացնի և ստիպի գնալ փոփոխությունների։ Չափորոշչի ներդրումը այս տարբերությունը  էապես կրճատում է։  Այսինքն՝ սա թույլ է տալիս, որպեսզի մեր երեխաները նույն ժամանակահատվածում ավելի շատ սովորեն դպրոցում»։

Ի տարբերություն նախարարի՝ կրթության փորձագետն այդքան էլ լավատես չէ։ Հիշում է՝ դեռ 2018-ին նախարարությունը խոստացավ, որ 5 տարի հետո՝ 2023թ․–ին, Հայաստանն ունենալու է որակապես այլ կրթություն, սակայն նույն 2023-ին ստացված ցուցանիշերը վկայում են, որ շատ բան չի փոխվել։ Կրթության  տեսչական մարմնի վերջին արդյունքները, որոնք ի դեպ 2023 կրթական տարվան էին վերաբերում, մեղմ ասած մտահոգիչ են։ Հայոց լեզվից  թելադրություն գրած 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարանցիների  միջին գնահատականը 5.3 է։  4.3 էլ մաթեմատիկա առարկայից ստացված միջին գնահատականն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print