Մի շարք եվրոպական երկրներում ճանապարհները ծածկվել են սառույցով, առաջացել է տրանսպորտային քաոս։
Ձնաբքերն ու սաստիկ սառնամանիքները, որոնց Եվրոպայում սովոր չեն, քաոս են առաջացրել բազմաթիվ երկրների ճանապարհներին՝ Իսպանիայից մինչև Խորվաթիա, հայտնում է Euronews-ը։
Ռումինիայում, օրինակ, լեռնային շրջաններում ջերմաստիճանը նվազել է մինչև -18 աստիճան։
Իսպանիայի մի շարք նահանգներ արտակարգ դրության մեջ են հայտնվել ցրտերի ու ձնաբքի պատճառով:
Ավստրիայի հարավում գտնվող Կարինթիա շրջանում ձնաբքին նախորդել է անձրևը: Ճանապարհները ծածկվել են սառույցով, առաջացել է տրանսպորտային քաոս։
Ուժեղ ձնաբուք է տեղի ունեցել Բալկանյան մի քանի երկրում ՝ Բոսնիա և Հերցեգովինայում, Խորվաթիայում և Սլովենիայում:
Իսկ Իռլանդիային և Մեծ Բրիտանիային է հարվածել «Իշա» փոթորիկը: Կիրակի Իռլանդիայի մի քանի շրջաններ զգուշացվել են ուժեղ քամիների, անձրևների և բարձր ալիքների մասին: Ավելի քան 2000 տուն և ձեռնարկություն ներկայումս հոսանքազրկված է:
Գոլուեյ և Մայո շրջաններում հայտարարվել է վտանգավորության կարմիր աստիճան։ Սպասվում է, որ քամու ուժգնությունը կհասնի մինչև 130 կմ/ժ արագության։
Հրդեհների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի ազգային վարչությունը հորդորել է մարդկանց փոթորկի ժամանակ հեռու մնալ ափամերձ շրջաններից: Դուբլինի օդանավակայանում «Իշա» փոթորկի պատճառով չեղարկվել է 102 չվերթ։