ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով. Փաշինյան

Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պատասխանել է հանրության հուզող մի շարք հարցերի։ Հարցազրույցի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի նկատմամբ ՀԱՊԿ-ի արձագանքին։

Ի պատասխան լրագրողի ՝ հանրության շրջանում վերջերս բավականին տարածված ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին, Նիկոլ Փաշինյանը նշել է «Դա հարցի սխալ ձևակերպումն է։ Հարցը հետևյալն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս կգա՞, թե՞ դուրս չի գա, կամ ՀԱՊԿ-ը կֆիքսի՞ իր պատասխանատվության գոտին, իր կարմիր գիծը Հայաստանում»։

Հստակեցնելով իր խոսքը՝  վարչապետը նշել է, որ նախկինում ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկելով Հայաստանի անվտանգությունը, կազմակերպությունը հավաստիացրել էր, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է։

Ըստ Փաշինյանի՝  նախորդ տարվա Սոթք-Խոզնավարում տեղի ունեցած իրադարձությունները, սակայն, հակառակը փաստեցին։ Երբ ՀԱՊԿ-ն որակեց Ադրբեջանի սադրանքը որպես սահմանների ոչ դեմարկացված կամ դելիմիտացված լինելու հետևանք, Հայաստանի համար հարց ծագեց՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում կարմիր գիծը:

«Ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա, որովհետև ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով: Եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն»,-նշել է վարչապետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print