Իրանի ԶՈւ-ն նոր դրոններով է համալրվել

Դրոնների մարտական գործողությունների հեռահարությունը կազմում է 1000-ից մինչև 1700 կիլոմետր

Իրանի պետական հեռուստաընկերությունն այսօր հայտնել է, որ զինված ուժերը համալրվել են նոր դրոններով։ Երկրի տարբեր շրջաններում տեղակայված ստորաբաժանումները հարվածային նոր սարքեր են ստացել։ Հեռարձակված տեսանյութում պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին և զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին ռազմաբազայում քայլում են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի մոտով։

Հաղորդավարն ասում է, որ «Աբաբիլ-4» և «Աբաբիլ-5» ԱԹՍ-ները կարող են հետախուզական, դիտարկման ու ռադիոէլեկտրոնային պայքարի խնդիրներ կատարել։ «Արաշ» և «Բավար» անօդաչուներն ընդունակ են ճշգրիտ հարվածել հեռահար թիրախներին։ Դրանցից բացի բանակը համալրվել է «Կարար» տեսակի ռեակտիվ ԱԹՍ-ով։ Դրոնների մարտական գործողությունների հեռահարությունը կազմում է 1000-ից մինչև 1700 կիլոմետր, ասվում է հեռարձակված տեսանյութում։

Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իրանը հունվարի 19-ին հայտարարել էր, որ երկրի հարավ-արևմուտքից մինչև հարավ-արևելք ընկած առափնյա շրջանում հակաօդային պաշտպանության զորավարժություններ են անցկացվել դրոնների կիրառմամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print