Հանուն Արցախի միջոցառումներ՝ եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում

Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքացիները կմիավորեն ուժերը տարբեր ակցիաների և հավաքների միջոցով՝ կոչ անելով իրենց պետությունների ղեկավարներին և Եվրամիության ղեկավարությանը։

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը կազմակերպում է միջոցառումների շարք՝ հաջակցություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ բնակչությանը։ Միջոցառումներն անցկացվելու են հունվարի 27-ին և 28-ին` եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում:

Միջոցառումները նախատեսված են Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում:

Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքացիները կմիավորեն ուժերը տարբեր ակցիաների և հավաքների միջոցով՝ կոչ անելով իրենց պետությունների ղեկավարներին և Եվրամիության ղեկավարությանը՝

«Հստակ և աներկբա կերպով դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը՝ Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ։

Սահմանել անհատական թիրախային պատժամիջոցներ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, որը ներգրավված է եղել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, հրադադարի խախտումների, սեպտեմբերի 19-ի հարձակման և Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։

Կիրառել բոլոր հասանելի լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին, ռազմագերիներին, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր, ինչպես նաև ազատ արձակել 2023 թվականի սեպտեմբերի վերջերին առևանգված Արցախի/Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարներին։

Նպաստել անվտանգության միջազգային շոշափելի երաշխիքների հաստատմանը` հնարավորություն տալով Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը օգտվելու սեփական հայրենիք վերադառնալու իր անօտարելի իրավունքից, ինչպես նաև տրամադրելով Արցախին/Լեռնային Ղարաբաղին միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակ և աջակցելով այդ իրավունքին։

Արդյունավետորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած միջոց և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած գործողություն։
Հայաստանին տրամադրել համապատասխան օգնություն՝ Արցախից /Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված հայ բնակչության հոսքը կառավարելու համար:

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք europeansforartsakh.eu կայք։

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական համագործակցային հարթակ/շարժում է, որը միավորում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ 15 երկրներում գործող հայ համայնքի ներկայացուցչական մարմինները։

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման առաջին նախաձեռնությունը նամակ էր՝ ուղղված Եվրամիության ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայ բնակչությանն աջակցելու նպատակով։ Նամակը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական ասոցիացիաներ։

Հարթակի առաքելությունն է մոբիլիզացնել քաղաքացիներին՝ աջակցելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության հիմնարար իրավունքներին՝ միևնույն ժամանակ բարձրացնելու այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը՝ Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում», – ասվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print