Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հսկողության (սահմանային ճանապարհներին մաքսային և անձնագրային հսկողություն սահմանելու) ընթացակարգերին։
«Այս ամենի վերաբերյալ Ադրբեջանն աշխատանքային մակարդակով առարկություն չի ներկայացնում։ Ադրբեջանը միայն ասում է` քանի որ սուր կոնֆլիկտային իրավիճակ է, իրենք չեն ցանկանում, որ իրենց քաղաքացին առնչվի Հայաստանի մաքսավորի և սահմանապահի հետ։ Մենք էլ, բնականաբար, չենք ցանկանում, որպեսզի Հայաստանի քաղաքացին առնչվի մաքսավորի և սահմանապահի հետ»,– նշել է ՀՀ վարչապետը։
Ըստ վարչապետի՝ այս խնդրի լուծման հնարավոր տարբերակ Հայաստանը համարում է սահմանային հսկողության իրականացում այլ մասնագիտացված մարմնի կողմից, որպես օրինակ բերելով ռուս սահմանապահի տեղակայում հայ-ադրբեջանական սահմանային ճանապարհին։ «Սակայն, եթե ադրբեջանական կողմում էլ ռուս սահմանապահ չկանգնի, ապա սկզբունքն այդ դեպքում էլ կխախտվի»,- ասել է վարչապետը։
Խոսելով հարկային հսկողության մասին` նա ասաց, որ համաձայնություն կա, որ ճանապարհային հարկը վճարվի, քննարկվում է բնապահպանական վճարի հարցը։
Վարչապետը շեշտեց, որ պետք է լինեն նաև ապրանքներ, որոնց տարանցումը կարգելվի։