Ինչ է հայտնի Բելգորոդում Իլ-76 ինքնաթիռի կործանման մասին

Իլ-76 ինքնաթիռը, որը փոխանակման համար տեղափոխում էր ուկրաինացի գերիներին, խոցվել է երեք Patriot կամ IRIS-T հրթիռներով

ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմական օդանավում եղել է Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորական, որոնք փոխադրվել էին Բելգորոդի մարզ՝ փոխանակման նպատակով, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Բացի այդ, օդանավում եղել է ինքնաթիռի անձնակազմի 6 անդամ և ՌԴ պաշտպանության նախարարության 3 ուղեկցող անձ։

Ըստ Mash թելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ ուկրաինական կողմին նախազգուշացվել է գերիներին Բելգորոդ ծրագրված տեղափոխման մասին։ Փոխանակումը պետք է տեղի ունենար այսօր։

Նշվում է, որ Բելգորոդի մարզում Իլ-76-ի կործանման վայր է մեկնել հանձնաժողով՝ աղետի պատճառները պարզելու համար, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Իլ-76 ինքնաթիռը, որը փոխանակման համար տեղափոխում էր ուկրաինացի գերիներին, խոցվել է երեք Patriot կամ IRIS-T հրթիռներով, ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:

Կործանված ինքնաթիռի հետևից թռչում էր մեկ այլ ինքնաթիռ՝ մոտ 80 գերիով, սակայն առաջինի կործանումից հետո երկրորդ օդանավը շրջադարձ է արել։

Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրը հայտնել է, որ կատարվածին Կիևի առնչության վերաբերյալ տեղեկություն չունեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print