Ադրբեջանի հերթական վայրագությունները հայ ռազմագերիների նկատմամբ

Հոկտեմբերի 2-ին տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ անզեն ռազմագերիների նկատմամբ կատարած  դաժան սպանությանն անդրադարձել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, արտգործնախարարությունը, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և այլք։

ՀՀ վարչապետը «Թվիթեր»-ի՝ իր միկրոբլոգում կարևորել է միջազգային հանրության հստակ դատապարտումը և հասցեական գնահատականը այդ պատերազմական հանցագործությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու ուղղությամբ։

«Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ ռազմագերիների խմբին գնդակահարելու ռազմական հանցագործության հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով»,-նշել է Փաշինյանը։

ՀՀ ԱԳՆ նույնպես հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հայ ռազմագերիների գնդակահարությանը․ «Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մեկնաբանել էր տեսանյութը՝ նշելով, որ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ  չեն կարող հայտնել, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը, իսկ իսկության մասով, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է: 

Տեսանյութին է անդրադարձել նաեւ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եւ իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ որի մեղավորները պետք է պատժվեն»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print