Պետբյուջե է վերականգնվել 32 մլրդ դրամ. Դատախազություն

2023 թ. ընթացքում ավարտված գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 17 մլրդ 175 մլն 71 հազար դրամի վնասը:

2023 թվականի ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո քննվող ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 15 միլիարդ դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ անցած տարվա ընթացքում նույն վարչության դատախազների հսկողության ներքո ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս:

Դատախազությունը նշում է, որ առաջին կիսամյակում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 10 մլրդ 494 մլն 294 հազար դրամ, 2023 թվականի երկրորդ կիսամյակում՝ 21 մլրդ 809 մլն 232 հազար 692 ՀՀ դրամ: Այսինքն՝ միայն 2023-ի երկրորդ կիսամյակում պետությանը պատճառված վնասի վերականգնման չափն ավելի քան երկու անգամ գերազանցում է առաջին կիսամյակի ընթացքում վերականգնված վնասի չափը:

«Ավարտված քրեական վարույթներով 2022 թվականի ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 279 մլն 263 հազար դրամ, 2021 թվականին՝ 5 մլրդ 584 մլն 138 հազար դրամ, 2020 թվականին՝ 1 մլրդ 989 մլն 200 հազար դրամ, 2019 թվականին՝ 4 մլրդ 723 մլն 956 հազար 287 դրամ: Այսինքն, միայն 2023 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը (17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ) գերազանցում է նախորդող չորս տարիների՝ 2019, 2020, 2021 և 2022 թվականներին ավարտված վարույթներով վերականգնված վնասի չափի հանրագումարը (14 մլրդ 576 մլն 558 հազար դրամ)», – ասված է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print