Թումոն ընդլայնում է իր գործունեությունը Վայոց ձորում

Վայք համայնքում արդեն գործում է Թումո Տուփ, ինչը հնարավորություն է տալիս տեղի երիտասարդներին ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու կառույցների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և մարզի համար կարևորություն ներկայացնող ուղղությունների շուրջ համագործակցելու անհրաժեշտությունը։

Քննարկված հարցերի համատեքստում համապարփակ ներկայացվել են մարզում իրականացված աշխատանքները, կենտրոնի գործունեության հեռանկարները և ակնկալվող արդյունքները։ Մասնավորապես նշվեց, որ Վայք համայնքում արդեն գործում է Թումո Տուփ, ինչը հնարավորություն է տալիս տեղի երիտասարդներին ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին:

Առաջիկայում նմանատիպ տուփեր կտեղադրվեն Ջերմուկում, Արենիում և Շատինում, իսկ Թումո կենտրոնի տեղակայումը մարզկենտրոնում հնարավորություն կտա ավելի լիարժեք և ընդգրկուն գործունեություն ծավալել և նպաստել երիտասարդների ստեղծարար կարողությունների դրսևորմանը և զարգացմանը:

Կարևորելով շարունակական կրթության և նորագույն տեխնոլոգիաների դերը մրցունակ երիտասարդության ձևավորման գործում՝ մարզպետ Կ. Միքաելյանը նշեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել մարզի ընդհանուր զարգացմանը և երիտասարդների առաջընթացին նպաստող այս նախաձեռնությանը:

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնեցին, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի ոչ միայն հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկել Թումո կենտրոնը և Տուփերը, այլև առավել ընդլայնել և խորացնել առկա փոխգործակցությունը՝ այն համալրելով նոր ծրագրերով և նախաձեռնություններով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print