Որ կենսաթոշակներից և ինչպես կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

Համաձայն աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգի (բանաձև)՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժի տևողությունից, հիմնական կենսաթոշակի չափից ու աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ՝ տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։

«ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար.

  • աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի).
  • զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):

Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն ՀՀ-ում նրանց նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։

Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ համապատասխան մարմնի (օրինակ՝ Պաշտպանության նախարարություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ։

ՀՀ-ում կենսաթոշակը նշանակվում, վճարվում, չափը հաշվարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։ Համաձայն աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգի (բանաձև)՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժի տևողությունից, հիմնական կենսաթոշակի չափից ու աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից։

Ըստ այդմ՝

․ ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 31 600 է.

․ հիմնական կենսաթոշակի չափը՝ 24 000 դրամ (ԼՂ-ում սահմանված է եղել 21 500 դրամ).

․ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ (ԼՂ-ում՝ 1 150 դրամ).

․ տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ (ԼՂ-ում՝ 600 դրամ):

Հետևաբար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված և հաշվարկված կենսաթոշակի չափը կարող է տարբերվել Լեռնային Ղարաբաղում նշանակված և վճարված կենսաթոշակի չափից։

ՀՀ-ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։ Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին:

Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:

Կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://bit.ly/3h99yYU)։ Եթե անձը 2023 թ․ սեպտեմբերի դրությամբ ԼՂ-ում եղել է կենսաթոշակառու, և այդ օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չի եղել, ապա ՀՀ-ում կենսաթոշակի դիմումը մինչև 2024 թ․ հուլիսի 1-ը կարող է ներկայացնել առցանց՝ www.socservice.am կայքէջում։

ԼՂ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են օգտվել նաև 10 % հետվճարի ծրագրից, հետևաբար, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարում եք անկանխիկ գործարքներ, ապա կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 5 000 դրամը։ Այսուհետ ծրագրից կարող են օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print