Մեզ համար Թուրքիան շատ կարևոր դաշնակից է։ Ինչպես գիտեք, նա միակ դաշնակիցն է, որը սահմաններ ունի տարածաշրջանում և, հետևաբար, տարածաշրջանում առանցքային դերակատար է։
Հայաստանը փորձում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայից հետաքրքրվել է` իր կարծիքով, Թուրքիան ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. կգնա՞ Թուրքիան հարաբերությունների իրական կարգավորման, թե՞ բանակցությունները կրկին կրելու են ձևական բնույթ։
– Մեզ համար Թուրքիան շատ կարևոր դաշնակից է։ Ինչպես գիտեք, նա միակ դաշնակիցն է, որը սահմաններ ունի տարածաշրջանում և, հետևաբար, տարածաշրջանում առանցքային դերակատար է։ Մենք շատ անկեղծ զրույց ենք ունեցել Թուրքիայի հետ ամեն թեմայի շուրջ և, իհարկե, խոսում ենք նաև խաչմերուկների մասին: Թուրքիան գիտի, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Կարծում եմ՝ Թուրքիան պատրաստ է առաջընթաց գրանցել այդ հարցում։ Չգիտեմ, գուցե, նրանք իրականում նախ սպասում են ինչ-որ առաջընթացի հայ-ադրբեջանական հարաբերություններում: Դա, հավանաբար, կարող է լինել նկատառումներից մեկը, բայց ես կարծում եմ, որ նրանք իսկապես շահագրգռված են առաջ տանել հարցը: Ինչպես գիտեք, ես իսկապես չեմ կարող խորանալ մեր դաշնակիցների արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության մեջ, բայց կարծում եմ, և մենք խոսել ենք այս մասին, շատ դրական զարգացում կլինի, երբ դա տեղի ունենա:
– Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորության մասին խոսեցիք։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ կերպով աջակցեց Հարավային Կովկասում տեղի ունեցած լայնամասշտաբ պատերազմին՝ սանձազերծված Ադրբեջանի կողմից։ Կառույցի արձագանքն այդքան էլ խիստ և պարտավորեցնող չէր։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ակնհայտ կերպով աջակցում է Ադրբեջանին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դեպքում Թուրքիայի ուղիղ միջամտությունը, և այդ պարագայում ինչպիսի՞ն կլինի ՆԱՏՕ-ի արձագանքը՝ հաշվի առնելով, որ այս անգամ «վիճարկելի տարածք» արդարացումը չի կարող լինել, քանի որ խոսքը միջազգայնորեն ճանաչված երկրի մասին է։
– Շատ դժվար է կանխարգելել խոսակցությունները, և, ինչպես ասացի, ես իսկապես չեմ կարող մտնել իմ դաշնակիցների արտաքին քաղաքական որոշումների մեջ: Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ մենք շատ կապված ենք այդ երկու սկզբունքներին՝ ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն: Մենք միշտ պարզ ենք եղել՝ մեզ համար դրանք շատ կարևոր են։ Երեք տարի առաջ իրավիճակն այլ էր։ Ինչպես ասացիք, հակասություն եղավ այն առումով, թե ինչպես եք դուք նայում տվյալ անկլավին: Եվ թեև եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչում, սակայն, ինչպես ասացի, հակասություն կար։ Կարծում եմ, որ մենք հիմա այլ իրավիճակի առաջ ենք, և կարող եմ ենթադրել, որ արձագանքն այլ կլինի։
– Ի՞նչ քայլեր է պատրաստ ձեռնարկել ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին աջակցելու համար։
– Մեր քաղաքականությունը շատ պարզ է, և այդ քաղաքականությունն անկեղծորեն շատ է սահմանափակում մեր անելիքները։ Բայց քաղաքականությունը հիմնված է այն բանի վրա, որ մենք ընդհանրապես կողմ չենք բռնում գործընկերների միջև․ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ առհասարակ մենք որոշել ենք իրականացնել այդ քաղաքականությունը, եթե չկան ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Վաշինգտոնի պայմանագրում ամրագրված սկզբունքների խախտումներ։ Ուստի, այս փուլում ես վայելում եմ գլխավոր քարտուղարի լիակատար աջակցությունն այն հարցում, որ պետք է աշխատենք, աջակցենք, ավելի մեր ներկայություն ունենանք։ Այս պաշտոնը ստանձնելուց ի վեր (խմբ․ 2021 թվականի սեպտեմբերից) ես յոթ անգամ այցելել եմ տարածաշրջան, հավանաբար, ավելի շատ, քան նախորդ 10 տարիներին: Այսպիսով, ես կարծում եմ, որ Կովկասի համատեքստում մենք ունենք քաղաքականապես ավելի շատ ներկայություն․ երեք երկրներ՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, բայց, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի համատեքստում։ Եվ մենք միշտ շատ պարզ ենք եղել, թե ինչ ենք ակնկալում մեր գործընկերներից․ ակնկալել ենք հարաբերությունների կարգավորում՝ հիմնված համաձայնեցված սկզբունքների վրա, և այդ սկզբունքներից մի քանիսը սկզբունքներ են, որոնք ամրագրված են Վաշինգտոնի պայմանագրում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ինչպիսիք են ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Մենք կշարունակենք պաշտպանել այդ նույն գիծը, կշարունակեք նպաստել հարաբերությունների կարգավորմանը։
– Վերադառնալով սկզբում Ձեր ասածին, որ շատ գոհ եք Հայաստանի հետ ունեցած հարաբերություններից։ Ծրագրեր կա՞ն դրանք ընդլայնելու։ Եթե այո, ապա ի՞նչ ուղղություններով:
– Այո՛, մենք շատ գոհ ենք։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ընդհանուր առումներով, մենք միշտ պատրաստ ենք շարժվել այն տեմպերով, որով ցանկանում են շարժվել մեր գործընկերները։ Այսպիսով, մենք խրախուսում ենք այն ամենը, ինչ գալիս է Երևանից: Երևանը, օրինակ, որոշել է ավելի քան 50-ով ավելացնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի (KFOR) կազմում իր զինծառայողների թիվը, ինչն ակնհայտորեն քաղաքական ներգրավվածության և նվիրվածության նշան է: Մենք այժմ աշխատում ենք անհատապես հարմարեցված գործընկերության նոր ծրագրի (ITPP) վրա՝ բավականին հավակնոտ նպատակներով։ Մենք աշխատում ենք վերապատրաստման հնարավորությունների վրա։ Երկու տարի առաջ՝ հիմնականում պատերազմից հետո, համագործակցությունը մի տեսակ սառեցված էր, և այս քայլերը, այս տեղաշարժը շատ բովանդակային են: Այսպիսով, այժմ այն, ինչ մենք ունենք առաջիկայում, անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի հաստատումն է: Ես մեծ ակնկալիքներ ունեմ, որ դա տեղի կունենա հաջորդ շաբաթների ընթացքում: Բայց Երևանում իմ ունեցած խոսակցություններից հետո տպավորությունս այնպիսին է, որ հայերը պատրաստ են շարունակել այդ ճանապարհը և ավելացնել համագործակցությունը, և մենք օգնելու ենք Հայաստանին դա անելու հարցում։
– ՆԱՏՕ-ն պլանավորում է անցկացնել ամենամեծ զորավարժությունները սառը պատերազմից ի վեր: Իհարկե, կարող ենք գուշակել, թե կոնկրետ ում համար է այն, բայց, այնուամենայնիվ, կուզենայի հարցնել՝ ի՞նչ ուղերձ է սա։
– ՆԱՏՕ-ն շատ պարզ է եղել 2022 թվականի փետրվարի պատերազմի (ռուս-ուկրաինական պատերազմ.- խմբ․) սկսվելուց հետո: Մենք մեծացնում ենք պաշտպանվելու և զսպելու մեր կարողությունները: Ուղերձը շատ պարզ էր. մենք հնարավորինս աջակցելու ենք Ուկրաինային և, միևնույն ժամանակ, մենք թույլ չենք տա մեր տարածքի որևէ խախտում։ Դրա համար մենք բազմաթիվ որոշումներ ենք ընդունել՝ Մադրիդի գագաթնաժողովից մինչև Վիլնյուսի գագաթնաժողով։ Հիմա այս մեծ զորավարժություններն (խոսքը Steadfast Defender զորավարժությունների մասին է, որն անցկացվելու փետրվարին, և որին մասնակցելու է շուրջ 90 հազար զինծառայող. -խմբ․) անցկացնելու որոշումը մեծապես կապված է զսպելու մեր կարողության հետ, և ուղերձը պարզ է: Մենք ցանկանում ենք զսպել, մասնավորապես Ռուսաստանին, որին մենք գնահատում ենք որպես սպառնալիք։ Նրանք ռազմավարական սխալ թույլ տվեցին՝ ներխուժելով Ուկրաինա։ Եվ նրանք պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր թիզը։
– Ո՞րն է հատկապես Թուրքիայի դերն այս ուղերձում: Որովհետև Թուրքիան նաև փորձում է ինչ-որ կերպ միջնորդ կամ օժանդակող լինել Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիր, որը կարող է խոսել երկու կողմերի հետ։
– Թուրքիան ունի շատ կոնկրետ տարածաշրջանային և աշխարհագրական դիրք, և այդ իսկ պատճառով նրանց արտաքին քաղաքականությունը, որի մասին ինձ իսկապես թույլ չի տրվում խոսել, հավանաբար, ավելի բարդ է, քան մյուս դաշնակիցներինը, բայց նրանք բացարձակապես հավատարիմ են պաշտպանության և զսպման մեր ջանքերին: Նրանք լիովին հավատարիմ են մեր գնահատականին, թե որոնք են մեր երկու սպառնալիքները․ խոսքը Ռուսաստանի և ահաբեկչության մասին է։ Նրանք մեր կողմից իրականացվող ջանքերում ներդնում են նույնքան, որքան ցանկացած այլ դաշնակից։ Նրանք մաս կկազմեն այդ մեծ զորավարժություններին, ինչպես մասնակցել են բոլոր մեծ զորավարժություններին, որոնք մենք ունեցել ենք անցյալում: