«Մեծամոր» հնավայրի առեղծվածը

 «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ-ի սեպտեմբերին մեկնարկած պեղումների ընթացքում հայտնաբերվել է բացառիկ գտածոներ։ Այստեղ է հայտնաբերվել Հայաստանում գտնված ամենահին ոսկյա զարդը։ Այս տարի էլ անհավանական գանձերով լի դամբարան են բացել։ Այս մասին տեղեկացնում է SputnikArmenia լրատվական կայքը։

Հնագետ, պրոֆեսոր, հայ-լեհական միջազգային արշավախմբի համաղեկավար Աշոտ Փիլիպոսյանը ասել է, որ չնայած փոքր չափսերին՝ դամբարանում գտել են արդեն ավելի քան 100 ոսկյա ուլունքահատիկ։ Գիտնականների համար մեծ նվեր էր այն, որ դամբարանին մոտ 3200 տարի ձեռք չէր դիպել, այն չէր թալանվել։

Հնավայրում  գիտնականները հայտնաբերել են նաև բացառիկ գտածոյի՝ երկու կմախքներ՝ տղամարդու և կնոջ, իսկ ամենազարմանալին այն դիրքն էր, որով թաղվել էին։

«Երկու անհատները կոնքերի հատվածում տեղադրված էին մեկը մյուսի վրա՝ կծկված վիճակում։ Թաղման ծեսում սովորաբար տղամարդուն դիադրում էին կծկված վիճակում աջ կողքի վրա, կնոջը՝ ձախ կողքի վրա, ստացվում է՝ այս դամբարանում իգական սեռի անհատն արականի վրա էր դիադրված։ Քանի որ ես մասնակցում եմ միայն այն դամբարանների պեղմանը, որտեղ մարդաբանական նյութ կա, չեմ հիշում, որ նման դիրքով թաղում հայտնաբերված լինի տարածաշրջանում, ինձ նման բան առաջին անգամ է հանդիպում»,- նշում է հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

Մեծամորում պեղումները սկսել է հնագետ Էմմա Խանզադյանը 1965 թվականին։ Նրա մահից հետո աշխատանքները մի քանի տարով ընդհատվել են, վերսկսվել են 2011-ին, 2013 թվականից արդեն հայ-լեհական միացյալ արշավախումբն է պեղումներն իրականացնում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print