2024 թվականին թոշակները չեն բարձրանա. ՀՀ ֆինանսների նախարար

Հունվարի 1-ից Հայաստանում գործարկվել է կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև։

ՀՀ–ում 2024 թ. կենսաթոշակները չեն բարձրանա։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Այդ որոշումը, ըստ նրա, պայմանավորված է կառավարության ծախսային առաջնահերթություններով:

«Դեռ 2022 թ. ներկայացրել ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը և գծել այն ճանապարհը, որով բարձրացնելու ենք թոշակները: Պատճառը, որ 2024 թ. թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»,– ընդգծեց Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով` գործադիր մարմինը պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար:

Ըստ այդմ, նախարարի խոսքով, եթե հիմա թոշակները բարձրացնեն այնքան, որքան բոլորս երազում ենք, հետո հանկարծ մի օր չկարողանան այդ թոշակները վճարել, շատ մեծ աղետ կլինի մեր երկրի համար:

«Հետևաբար մենք պետք է շատ զգույշ լինենք»,– ընդգծեց նա։

Քանի որ տնտեսական աճի ներուժը բարելավվել է, դա նախարարին հույս է տալիս, որ ՀՀ կառավարությունն ապագայում կկարողանա ավելի մեծ ուժով լուծել սոցիալական խնդիրները:

«Եթե մենք այսօր աշխատանք ու մեծ ուժ չդնենք մեր տնտեսական պոտենցիալը և ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, կխեղդենք ապագայի այն հնարավորությունը, որը կապված է մեր սոցիալական խնդիրները լուծելու հետ՝ ոչ միայն մեր թոշակառուների համար, այլ նաև կրթության, առողջապահության և այլ կարևոր ուղղություններով»,– նշեց նա:

Հիշեցնենք` հունվարի 1-ից Հայաստանում գործարկվել է կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև։ Վերացել է նվազագույն կենսաթոշակը, որը կազմում էր 36 հազար դրամ։ Բացի այդ, աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա հաշվեգրումները հավասարեցվում են հետագա տարիների հետ (նախկինում աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա համար կուտակվում էր 950 դրամ, իսկ հետագա տարիների համար՝ 500 դրամ):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print