Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են կառավարություն – համայնք համաֆինանսավորմամբ։
Հունվարի 30-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պատասխանատուների հետ այցելել է Կապանում նախորդ տարիներից սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների օբյեկտներ, դիտարկել աշխատանքների ընթացքն ու որակը, հայտնում են մարզպետի աշխատակազմից։
Նշենք՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են կառավարություն – համայնք համաֆինանսավորմամբ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2023թվականի սուբվենցիոն ծրագրերում մասնաբաժին է ունեցել ավելի քան 350 միլիոն դրամի չափով։
2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ուժեղացվում, վերակառուցվում է Կապանի համայնքապետարանի շենքը, կառուցվում նրան կից նոր մասնաշենք։ Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 973 մլն 788 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 584 մլն 272 հազար դրամ։ Կապալառու՝ «Կապանի նորոգշին» ՍՊԸ։ Մինչ այժմ իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 13 տոկոսը, աշխատանքների ավարտի համար սահմանված է երեք տարի ժամկետ։
2022 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Կապանի թիվ 9 ՆՈՒՀ -ի շենքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 301 մլն 530 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 241 մլն 224 հազար դրամ։ Կապալառու՝ «Աժդանակ» ՍՊԸ։ Մինչ այժմ իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 43 տոկոսը, հիմնանորոգման ավարտը նախատեսվում է այս տարի։
Մեկ այլ ծրագրով, որ մեկնարկել է 2022 թվականից, նախատեսված է Կապանի Դ․ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մասնակի վերանորոգում և ջեռուցման համակարգի վերականգնում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն 588 հազ դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 26 մլն 153 հազ դրամ։ Կապալառու՝ «Մանսերգո» ՍՊԸ։ Այստեղ աշխատանքները կատարվել են մոտ 35 տոկոսով, ժամկետը երկարաձգվել է։ Սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքների այս օբյեկտում արձանագրվել են թերացումներ ու խնդիրներ, որոնք, ինչպես նաև աշխատանքի ուշացման պատճառները, քննարկվել են շինարարի ու պատվիրատուի ներկայացուցչի հետ։