Հայտնի է Էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալման պատճառը

Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ խուզարկություններ են և՛ նախարարությունում, և՛ մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 հասցեում:

Ինչու է ձերբակալվել Էկոնոմիկայի փոխնախարարը. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և ևս 6 անձ:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

Մասնավորապես, «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից:

Ըստ Քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Մյուս քրեական վարույթով, պարզվել է, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-23 թվականների ընթացքում ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած շահառուների ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել, որ շահառուների կատարած աշխատանքը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ այս ամենի հետևանքով այդ քաղաքացիներին անհիմն փոխհատուցվել է մոտ 238,5 մլն դրամ:

Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ խուզարկություններ են և՛ նախարարությունում, և՛ մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 հասցեում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Անի Իսպիրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print