Առաջարկներից մեկն էլ վերաբերում է կուսությունը ստուգելու արգելքին, իսկ թե ում կողմից, հեղինակները չեն մանրամասնում, սակայն բռնություն են համարում կուսության ստուգումը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ կանայք աղմկահարույց նախագծերի փաթեթ են ներկայացրել, որն այսօր կքննարկվի ԱԺ գլխադասային հանձնաժողովում։ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վարդանյանը փոփոխություններ են առաջարկում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում։ Բայց խնդիրը ոչ թե բռնության դեմ պայքարն է, այլ սորոսական որոշ տերմիններ ամրագրելը։ Կանայք առաջարկում են ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, որով քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։
«Գործող կարգավորումներով օրենքը տարանջատում է համատեղ բնակվող ընտանիքի անդամներին համատեղ չբնակվող անդամներից, ինչը պրակտիկայում խնդիրներ է առաջացնում անձի՝ պաշտպանական միջոցների դիմելու եւ ստանալու համար: Նկատի ունենալով Հայաստանում ընտանեկան հարաբերությունների համակարգը, ակնհայտ է, որ համատեղ չբնակվելու հանգամանքը միշտ չէ, որ կանխարգելող բնույթ է կրում բռնության համար: Ուստի օրենքը պետք է տարածվի ընտանիքի անդամների վրա՝ անկախ համատեղ բնակության հանգամանքից, ինչպես նաեւ կարգավորումներ ունենա զուգընկերների եւ նախկին զուգընկերների համար»,- գրել են իշխանական կանայք։
Առաջարկներից մեկն էլ վերաբերում է կուսությունը ստուգելու արգելքին, իսկ թե ում կողմից, հեղինակները չեն մանրամասնում, սակայն բռնություն են համարում կուսության ստուգումը․ «2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. Սեռական բռնություն՝ անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ, այդ թվում՝ անձի սեռական օրգաններին եւ մարմնի մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեռական բնույթի գործողություններում ներգրավելը, կուսության ստուգումը, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով՝ սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները»: