Երկու պայման է գործում՝ վճարել 15–օրյա ժամկետում և վճարել 70%-ի չափով։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց օրենսդրական փաթեթ, որում ներառված են մի քանի փոփոխություններ՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների, վարչարարության պարզեցման և վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման հետ։
Սարգսյանի խոսքով՝ խախտումների գերակշիռ մասը տեսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, և արդի պայմաններում արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1 ու կես մլրդ դրամ հատկացնելը, հետևաբար, նախատեսվել է թվային լուծում, որը կարող է լինել միջանկյալ՝ մինչև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգը ներդրվի, որի արդյունքում քաղաքացիները կունենան թե՛ ծանուցման հետ կապված պատշաճ համակարգեր, թե՛ էլփոստի հասցեներ, որոնք թույլ կտան հստակ նույնականացնել անձին և ապահովել պատշաճ ծանուցում նաև այլ վարույթներով։
«Եթե քաղաքացիները կհանձնեն այնպիսի էլփոստի հասցե, որի միջոցով ցանկություն կունենան ստանալ ծանուցումները, ոչ թե «Հայփոստ»-ի միջոցով՝ թղթային տարբերակով, ապա նախատեսում ենք 20% զեղչ նախնական նշանակված տուգանքի նկատմամբ»,- ասաց նախարարի տեղակալը՝ պարզաբանելով, որ եթե, օրինակ, տուգանքի չափը կազմել է 5000 դրամ, երբ անձը տրամադրում է իր էլփոստի հասցեն, տուգանքի չափը դառնում է 4000 դրամ։Երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է, որ եթե քաղաքացին 15–օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, նրա նկատմամբ տուգանքի նկատմամաբ կգործի 30% զեղչի կանոնը․ «Եթե 70%-ի չափով վճարված է լինելու տուգանքը, պարտավորությունը համարելու ենք ամբողջովին կատարված։ Երկու պայման է գործում՝ վճարել 15–օրյա ժամկետում և վճարել 70%-ի չափով։ Այս երկու պայմանի միաժամանակյա բավարարման դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված»,- ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այս երկու արտոնությունները կամ փոփոխությունները կարող են գործել ինչպես միաժամանակ, այնպես էլ առանձին-առանձին։