Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետական մարմինների աշխատանքները միշտ չէ, որ սինխրոնիզացվում են։
Կառավարության որոշմամբ կստեղծվի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով։
Անդրադառնալով այդ հանձնաժողովին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետական մարմինների աշխատանքները միշտ չէ, որ սինխրոնիզացվում են։
«Գիտենք, որ պրոբլեմը ծավալվում է մեծ տեմպերով, և մենք որոշակի խնդիր ունենք՝ վերլուծելու արձանագրված ցուցանիշները»,-նշել է վարչապետն՝ ընդգծելով, որ այս հարցը քննարկվել է նաև Անվտանգության խորհրդում, հանձնարարվել է ՆԳՆ-ին՝ այս ուղղությամբ ռազմավարություն մշակել.
Նրա խոսքով՝ ապօրինի թմրաշրջանառության մի մասը սոցիալական ցանցերի միջոցով է տեղի ունենում։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ տեղեկացրել է, որ 2023թ. բացահայտվել է 150-ից ավելի տելեգրամյան հարթակ, 8 սենյակ-լաբորատորիաներ. «Սկսել ենք նաև փողերի լվացման համատեքստում դիտարկել ապօրինի թմրաշրջանառությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ մեղսագրվել է 5,1 մլրդ դրամից ավելի փողերի լվացում, որից 3,6 մլրդի մասով գործերը գնացել են դատարան»։
«Երբ թմրանյութ փնտրում ենք փողոցում, կարող ենք գտնել մի փաթեթ թմրանյութ։ Մենք ուրիշ տեղ պետք է փնտրենք, որ ոչ թե մի փաթեթի, այլ մեծ մատակարարումների տեղերը գտնենք»,- արձագանքել է վարչապետը՝ կարևորելով ֆինանսական հոսքերի վերլուծությունը։