«Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում առերևույթ խախտումների գործով անցնում է 7 անձ, որոնցից 4-ը պաշտոնյաներ են:
Ութ մեղադրյալ՝ էկոնոմիկայի նախարարությանն առնչվող աղմկահարույց քրեական վարույթներով
Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող երկու աղմկահարույց քրեական վարույթներով կա ընդհանուր 8 մեղադրյալ. հայտնել է Քննչական կոմիտեն:
«Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում առերևույթ խախտումների գործով անցնում է 7 անձ, որոնցից 4-ը պաշտոնյաներ են: 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, նրանք «Սիներջի» ընկերության աշխատակիցներն են, իսկ պաշտոնյաներից 3-ի, այդ թվում էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են լիազորությունները և մրցույթում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Մյուս քրեական վարույթով անցնում է մեկ պաշտոնյա, որը կալանավորվել է: Ըստ Քննչական կոմիտեի՝ նա ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուի հետ մտերիմ հարաբերություններ ունենալով և իմանալով նրա ծանոթներին, 2022-23 թվականներին ծրագրի պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած շահառուների ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, զեկուցագրեր է ներկայացրել, որ նրանց կատարած աշխատանքը համապատասխանում է չափորոշիչներին։ Անհիմն փոխհատուցվել է մոտ 238,5 մլն դրամ: