Նախատեսված է վճարումն իրականացնել մինչև տվյալ ամսվա 6-րդ աշխատանքային օրը:
Բնակվարձերի և կոմունալ վճարների համար նախատեսված «40000+10000» դրամ սոցիալական աջակցության շրջանակում հունվարի վճարումները նախատեսված է իրականացնել առաջիկա 2-3 աշխատանքային օրերի ընթացքում, այսինքն՝ հունվարի վճարումները նախատեսված է ամբողջացնել մինչև փետրվարի 7-ը: Այդ մասին հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:
Կենսաթոշակների վճարումը այսուհետ կիրականացվի հստակ պարբերականությամբ:
«Նախատեսված է վճարումն իրականացնել մինչև տվյալ ամսվա 6-րդ աշխատանքային օրը: Փետրվար ամսվա դեպքում կստացվի, որ կենսաթոշակները կվճարվեն մինչև փետրվարի 8-ը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է զբաղվածության ապահովման մասով պետական աջակցության ծրագրին, ապա պետական աջակցությունն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը ուսուցումն ու աշխատանքն է, երկրորդ բաղադրիչը՝ պրակտիկան և աշխատանքը, երրորդ բաղադրիչը՝ ուսուցումը, պրակտիկան և աշխատանքը:
ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ուսուցման ժամանակահատվածում կրթաթոշակ կտրամադրվի 50 հազար դրամի չափով, ևս մինչև 50 հազար դրամ կփոխհատուցվի որպես ուսման վարձի գումար: Իսկ պրակտիկայի դեպքում գործատուին 3 ամիս կտրվի 165 հազար դրամ, որը ներառում է հարկերը: Ուսուցում-պրակտիկայի դեպքում վճարվելու են և՛ կրթաթոշակը, և՛ ուսման վարձը, և՛ երեք ամսվա համար հարկերի գումարը:
«Առավոտվա դրությամբ ունենք 1010 հոգի, որոնք արդեն, վստահ կարող ենք ասել, որ աշխատանքի են անցել: ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասին է խոսքը»,- ասաց Ռուբեն Սարգսյանը՝ նշելով, որ խոսքը Միասնական սոցիալական ծառայության միջոցով աշխատանքի ընդունվածների մասին է:
Իսկ առհասարակ աշխատանք է գտել ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազարից ավելի մարդ: 212 ուսուցիչներ գործուղվել են մարզեր, իսկ 202 բուժաշխատող աշխատանք է գտել տարբեր բուժհաստատություններում: