Պաշտպանի խոսքով՝ նախարարության պաշտոնյան չի ընդունել մեղքն առաջադրված մեղադրանքում, տվել է մանրակրկիտ պարզաբանումներ
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործով ձերբակալվել ու կալանավորվել է նաև նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է փաստաբան, Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Պաշտպանի խոսքով՝ Տարոն Մարտիրոսյանը չի ընդունել մեղքն առաջադրված մեղադրանքում, տվել է մանրակրկիտ պարզաբանումներ։
«Վերջինս հանդիսացել է այն պաշտոնատար անձը, որը կառավարության որոշման նախագծման փուլում և դրա կատարման ընթացքում բազմաթիվ անգամ գրավոր ու բանավոր կարգով բարձրաձայնել է իր մտահոգություններն ու վեր հանված խնդիրները, հրավիրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության, դատախազության և վերադաս պաշտոնատար անձանց ուշադրությունը»,- գրում է Ներսիսյանը։
Փաստաբանը հույս ունի, որ նախաքննական մարմինն իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կվերացնի:
Նա, միաժամանակ, հայտնում է, որ բողոքարկելու են խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը։