Քերոբյանը հավանական է համարում Հայաստանում ոսկու ձուլակտոր արտադրելը

Ոսկու հանքերը արտահանում են անմշակ ոսկի ու դա ՀՀ-ում դեռևս վերջնական ստանդարտի ոսկու ձուլակտոր չի դառնում։

Այն տնտեսական քաղաքականությունը, որը վարում ենք, բավական արագ մեզ մոտեցնում է կառավարության դրած թիրախին` ապրանքների ու ծառայությունների արտահանման ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 60 տոկոսին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Քերոբյանից հետաքրքրվեց` Հայաստանում ձուլակտորներ արտադրվո՞ւմ են:

«Ինչպե՞ս ստացվեց, որ երկրում, որտեղ գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը տարեկան կտրվածքով 1.2 ու 4.5 տոկոսի չափով են աճել, հանկարծ արտահանումները մեծացան, ինչպե՞ս եղավ, որ ադամանդների արտահանումը 660 միլոն դոլարի կարգի դարձավ»,- նշեց Խաչատրյանը:

Վահան Քերոբյանն էլ ասաց, որ Հայաստանում ոսկու ձուլակտոր չի արտադրվում:

«Իսկ ոսկու հանքերը, որ կան, արտահանում են անմշակ ոսկի ու դա ՀՀ-ում դեռևս վերջնական ստանդարտի ոսկու ձուլակտոր չի դառնում, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք ու հավանական է, որ կունենանք նորություններ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` Հայաստանում մոտ 10 ընկերություն կա, որ զբաղվում է ոսկու, պալադիումի ու պլատինի արտաքին առևտրով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print