Տեսչական մարմնից հայտնում են նաև, որ Ոսկու աշխարհի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերստուգումներ անցկացնելու խնդրանքով դիմում է ներկայացրել՝ հավաստիացնելով, որ խախտումներն արդեն շտկվել են:
Երեւանի Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը անորոշ ժամանակով փակվել է. հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ: Այս մասին հայտնում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:
Տեսչական մարմնից հայտնում են նաև, որ Ոսկու աշխարհի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերստուգումներ անցկացնելու խնդրանքով դիմում է ներկայացրել՝ հավաստիացնելով, որ խախտումներն արդեն շտկվել են: Տեսչական մարմինը շուտով կրկնակի ուսումնասիրություն կանցկացնի՝ պարզելու համար, թե արդյոք շտկվել են խախտումները։
Հիշեցնենք, որ 2023 թվականին ևս «Ոսկու աշխարհը» փակվել էր հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումների պատճառով: Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ հրդեհատեխնիկական հետազոտություն էր իրականացվել «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որի արդյունքում պարզվել էր, որ «Ոսկու աշխարհի» շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով: