Պատգամավորների ներկայացրած նախագծով արգելվում է կուսության ստուգումը

«Մեր գործող օրենսդրությունը, գործող Սահմանադրությունը  որևէ մեկին չի արգելում ազատորեն ընտրել իր զուգընկերոջը»

Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՔՊ-ական կին պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով արգելվում է կուսության ստուգումը, նաև ընտանիքի սահմանումն ընդլայնվում է ու ավելանում են զուգընկեր և զուգընկերուհի հասկացությունները:

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ սահմանված չէ, թե ով է զուգընկերը: «Ցավոք սրտի, ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ կան հայտնի այլ զուգընկերներ, ես առաջարկում եմ, որ հստակ նշվի` զուգընկերն արական ու իգական սեռի է, որովհետև արդեն քայլ է գնում դեպի մյուս փուլ»,- ասաց Նազարյանը: 

Նախագծի համահեղինակ Զարուհի Բաթոյանն էլ ասաց, թե իրենք իրավասու չեն սահմանել, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր:«Ում էլ ընտրեն, ով էլ լինի այդ զուգընկերը` արգելվում է բռնությունը: Մենք չենք սահմանելու խտրականություն, ավելին, ես հույս ունեմ, որ շուտով  կառավարությունը բերելու է հավասարության մասին օրենքը, որտեղ արգելված է բոլոր հիմքերով խտրականությունը»,- ասաց ՔՊ-ականը: Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե եթե անձը ազատ է իրեն զուգընկեր ընտրելու նույն սեռի ինչ-որ մեկին` այլևս իրենց պաշտպանության ներքո չեն գտնվելու: «Դա արդեն ուրիշ բան է, բառերով չասեմ՝ ինչ է»,- նշեց նա: ՔՊ-ական Բաթոյանն էլ ասաց, թե մեր գործող օրենսդրությունը, գործող Սահմանադրությունը  որևէ մեկին չի արգելում ազատորեն ընտրել իր զուգընկերոջը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print