Միջոցներն արդեն մուտքագրվել են վաճառողների բալանսին և դուրսբերման համար հասանելի կլինեն փետրվարի 19-ին:
Wildberries առցանց առևտրի հարթակը փոխհատուցման արդեն երրորդ տրանշն է վճարել այն վաճառողներին, որոնց ապրանքներն այրվել են Սանկտ Պետերբուրգում գտնվող ընկերության պահեստում այս տարի տեղի ունեցած հրդեհի հետևանքով, այս մասին հաղորդում է Wildberries-ի Telegram ալիքը։
«Wildberries-ը երրորդ փոխհատուցումը վճարեց վաճառողներին։ Միջոցներն արդեն մուտքագրվել են վաճառողների բալանսին և դուրսբերման համար հասանելի կլինեն փետրվարի 19-ին: Մինչ այժմ կատարված երեք փոխհատուցման վճարների ընդհանուր գումարը կազմում է 3 միլիարդ ռուբլի։ Հունվարի 15-ին և 29-ին փոխանցվել են մասնակի փոխհատուցման առաջին երկու տրանշները այն վաճառողներին, որոնց ապրանքը վնասվել է Շուշարիի պահեստներից մեկում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ընկերությունից պարզաբանել են, որ վճարված գումարը դեռ ամբողջը չէ, իսկ գումարի վերջնական չափը դեռ ճշգրտվում է։ Վճարումը ստանալու համար վաճառողները կարիք չունեն լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել:
«Հաշվարկները կատարվում են Wildberries էլեկտրոնային հաշվառման համակարգում առկա տեղեկատվության հիման վրա: Փոխհատուցման վերջնական չափը հաշվարկելուն պես վաճառողներին կտեղեկացնենք, իսկ լրացուցիչ հարցերի դեպքում յուրաքանչյուր դեպք կդիտարկենք առանձին»,- հավելել են ընկերությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Wildberries-ը հայտարարել էր, որ արդեն փոխհատուցում է վճարել վաճառողների ավելի քան 50%-ին կամ մոտ 160 հազար ձեռնարկատիրոջ, որոնց ապրանքները եղել են հրդեհված պահեստում։
Փետրվարի 6-ին Wildberries-ը խոստացել էր վաճառողներին հասանելիք փոխհատուցումներ վճարել մինչև փետրվարի վերջ։