Կոռուպցիոն սկանդալի մեջ կասկածվողներից է եղել նաև Բունդեսթագի հանգուցյալ պատգամավոր Կարին Շտրենցը: Հետաքննությունը պարզել է, որ Լինտները 150 հազար եվրո է վճարել Շտրենցին։
Մյունխենի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորներ Ակսել Ֆիշերին և Էդուարդ Լինտներին՝ կոռուպցիայի և քաղաքական գործիչներին կաշառելու համար: Հետաքննությունը համարում է, որ նրանք գումար են ստացել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի շահերի լոբբինգի համար։
Լինտները գերմանա-ադրբեջանական ֆորումի անդամ է եղել և Բունդեսթագում պաշտպանել է Բաքվի շահերը։ Գլխավոր դատախազությունը նրան մեղադրել է միջնորդների միջոցով Բաքվից մի քանի միլիոն եվրո ստանալու համար։
Նախկին պատգամավորների հիմնադրած երկու ընկերությունները պայմանագրեր են կնքել Ադրբեջանի պետական ձեռնարկությունների հետ, որոնք ամսական վճարումներ են կատարել որոշակի ծառայությունների դիմաց։ Գումարը, ենթադրաբար, ուղղվել է նաև Գերմանիայի ու Բելգիայի քաղաքական գործիչներին կաշառելուն։
Կոռուպցիոն սկանդալի մեջ կասկածվողներից է եղել նաև Բունդեսթագի հանգուցյալ պատգամավոր Կարին Շտրենցը: Հետաքննությունը պարզել է, որ Լինտները 150 հազար եվրո է վճարել Շտրենցին։ Իսկ նա երաշխավորել է, որ 2015 և 2016 թվականներին Եվրոպայի խորհուրդը կընդունի Բաքվին անհրաժեշտ որոշումներ։
Ֆիշերը նաև պայմանավորվել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ, որ Եվրոպայի խորհրդում կգործի այդ երկրի «հրահանգով և շահերից ելնելով»: Նա դրական է արտահայտվել Ադրբեջանի մասին և գաղտնի փաստաթղթեր է հանձնել Բաքվի ներկայացուցիչներին ու դրա համար ստացել է 22 հազար եվրո։ Ֆիշերը նաև համաձայնել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ, որ ԵԽ-ում գործելու է այդ երկրի «ուղղորդմամբ և շահերից ելնելով»։
European Stability Initiative կազմակերպությունը պարզել է, որ Լինտները 2013 թվականին պատվիրակություն է կազմել Ադրբեջանում նախագահի ընտրությունը դիտարկելու համար: Պատվիրակության անդամները դրական են գնահատել ընտրությունը, մինչդեռ անկախ դիտորդներն արձանագրել են բազմաթիվ կեղծիքներ։ Երկու շաբաթ անց Լինտներն Ադրբեջանից ստացել է 61 հազար եվրո։
Հետաքննության ընթացքում, որը տևել է ավելի քան չորս տարի, խուզարկություններ են իրականացվել 20 օբյեկտում, այդ թվում՝ Բունդեսթագի պատգամավորների գրասենյակներում։