Կիրակի օրերին կարմիր գծերով նշված ավտոկայանատեղիներն անվճար կլինեն

Այս պահին կարմիր գծերի թանկացման հետ կապված նպատակները որոշակիորեն կատարվել են՝ քաղաքը բեռնաթափվել է։

34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի ավագանին կողմ քվեարկեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կիրակի օրերին կայանելու նպատակով արտոնություն կիրառելու որոշմանը։

Այսուհետ` կիրակի օրերին վճարովի ավտոկայանատեղիները (կարմիր գծերով նշված) կլինեն անվճար։

«Այս նախագիծը համահունչ է այն նպատակների հետ, որոնք մենք մեր առջև դրել էինք։ Այս որոշումը ընդունելի է, քանի որ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ որոշումը հավելյալ գումարներ հավաքագրելու համար չէ»,– ասաց Ավինյանը։

Քաղաքապետը նշեց, որ կիրակի օրերին ծանրաբեռնվածություն, որպես այդպիսին չկա, դրա համար էլ նրանք կողմ կքվեարկեն «Մայր Հայաստան» խմբակցության բերած նախագծին։

Նա հավելեց, որ այս պահին իրենց նպատակները` կարմիր գծերի թանկացման հետ կապված, որոշակիորեն կատարվել են՝ քաղաքը բեռնաթափվել է։

«Մեր սպասելիքներից մի փոքր ավել էլ այդ բեռնաթափումը տեղի է ունեցել։ Գարնանը մենք կունենաք ավելի տեսանելի արդյունքներ»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print