Ալիեւն ապալեգիտիմացրեց իր ընտրությունը

Ադրբեջանի քաղաքացի Իլհամ Հեյդար-օղլի Ալիեւը Ստեփանակերտում հաշվառում չունի, ինչպես նաեւ՝ նրա ընտանիքի անդամները, անվտանգության եւ արարողակարգի աշխատակիցները, ուղեկցող լրագրողները եւ «դիտորդները»: Բայց նրանք բոլորը քվեարկել են Ստեփանակերտում:

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահի արտահերթ ընտրություններում Իլհամ Ալիեւն իր քաղաքացիական պարտքը կատարել է Ստեփանակերտում, քվեարկել է 122 ընտրատարածքի 14-րդ տեղամասում: ԿԸՀ հատուկ որոշմամբ այդ ընտրատեղամաս է սահմանվել Արցախի նախագահի նստավայրը: Ադրբեջանական մամուլը փոխանցում է, որ Ալիեւը քվեարկել է ընտանիքի անդամների հետ: Տարածված լուսանկարներից ակնհայտ է, որ նրան ուղեկցել է մի քանի տասնյակ անձ: Ըստ երեւույթին, Ստեփանակերտում են քվեարկել նաեւ նրա անվտանգության ծառայության եւ արարողակարգի աշխատակիցները:

Ադրբեջանի ընտրական օրենսդությամբ քվեարկության մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները կազմում են տեղամասյին հանձնաժողովները՝ ՆԳ նախարարության տրամադրած տվյալների հիման վրա, որտեղ առաջնայինը քաղաքացու՝ տվյալ բնակավայրում օրինական հաշվառումն է: Ադրբեջանի քաղաքացի Իլհամ Հեյդար-օղլի Ալիեւը Ստեփանակերտում հաշվառում չունի, ինչպես նաեւ՝ նրա ընտանիքի անդամները, անվտանգության եւ արարողակարգի աշխատակիցները, ուղեկցող լրագրողները եւ «դիտորդները»: Բայց նրանք բոլորը քվեարկել են Ստեփանակերտում:

Կազմակերպված ներկայացման քաղաքական իմաստը պարզ է. Ալիեւը միջազգային հանրությանը ցուցադրում է, թե «ով է Ստեփանակերտում տեր»: Բայց երբ երկրի, պետության ղեկավարը անձամբ օրենք է խախտում, ապա դա արդեն բացահայտ մարտահրավեր է, որ պետք է արժանի գնահատական ստանա: Սպասել, որ Ադրբեջանի հանրությունը գոնե տարակուսելու է, թե պետության առաջնորդն ինչու՞ չի հարգում իր երկրի օրենքները՝ բացարձակ անիմաստություն է: Ակնկալել, որ Ալիեւի «մրցակիցներից» կամ Ադրբեջանի ընդդիմադիր համարվող կուսակցություններից մեկն է այդ մասին բարձրաձայնելու՝ նույնպես:

Բայց փետրվարի 7-ին Իլհամ Ալիեւը Ստեփանակերտում ապօրինի քվեարկությամբ ինքն է կասկածի տակ դրել իր վերընտության լեգիտիմությունը: Տասնյակ, գուցե՝ հարյուր անձանց զրկել իրենց հաշվառման վայրում քվեարկելու եւ յոթ թեկնածուներից մեկի օգտին ազատ կամարտահայտության իրավունքից, նշանակում է բռնություն գործադրել, խախտել քաղաքացիների իրավունքները, ոտնահարել օրենքը: Իսկ երբ երկրի նախագահն օրենք է խախտում, նրա իշխանությունը դադարում է նույնիսկ ֆորմալ առումով օրինական լինել:

Իլհամ Ալիեւը, թերեւս, մտավախություն է ունեցել, որ ընտանիքի անդամները, մերձավոր շրջապատը չեն քվեարկի իր օգտին: Դրա համար էլ Ստեփանակերտի «ընտրատեղամասում», ոչ միայն քվեախցիկ, նույնիսկ խորհրդային ժամանակների «շիրմա» չի տեղադրվել: Նա այդպիսով բոլորին պարտադրել է կատարել բաց քվեարկություն: Սա եւս օրենքի կոպիտ խախտում է: Իսկ առհասարակ տպավորություն է, որ նա Արցախում եւ հարակից տարածքներում իր իսկ կազմավորած օկուպացիոն ռեժիմին չի վստահում:

Այսպես կոչված «մեծ վերադարձի» ծրագրի հետ բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Չկան բավարար ենթակառուցվածքներ, մարդիկ աշխատանք չունեն: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները խոսում են գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալության տալու մասին կառավարության որոշման դեմ բնակչության խորը դժգոհությունից: Հողի վարձակալ են դառնում բարձրաստիճան զինվորականներ, իշխանության հետ սերտ կապ ունեցող ձեռներեցներ, իսկ «վերաբնակիչ» գյուղացին այդպես էլ իր բաժին հողը չի ստանում: Ըստ երեւույթին, Ալիեւը կասկածներ ունի, որ «ազատագրված տարածքներում» քվեարկության պատկերը կարող է այլ լինել եւ ընտրել է անձամբ ամեն ինչ վերահսկելու ապահովությունը:

Դա ներքին խնդիր է: Չափազանց կարեւոր է, թե միջազգային հանրությունն ինչպես է գնահատելու Ստեփանակերտում ինքն իրեն նախագահ վերընտրելու Ալիեւի հակաօրինական քայլը:

1in.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print