Մի փոքր թուլացնում ենք պայմանները, այսինքն՝ գերնորմատիվային հողերի սուբսիդավորման արտոնությունը վերանայում ենք, այսինքն՝ այժմ արդեն ներդրողները կամ ֆերմերները, որոնք ինտենսիվ այգիներ կտնկեն, գերնորմատիվային հողերից կախված որևէ առավելություն չեն ստանա:
Նախորդ 5 տարիներին 7000 հեկտարի ինտենսիվ այգիներ հիմնելու պայմանագրեր են կնքվել, որի շրջանակում գյուղատնտեսության համապատասխան ենթաճյուղում ներդրվել է ավելի քան 100 միլիոն դրամ: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 8-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ծրագիրն ավարտվում է 2023-ին, բայց այժմ առաջարկվում է երկարաձգել ինտենսիվ այգիների վարկերի սուբսիդավորման ծրագիրը մինչև 2025 թվականի վերջը՝ միաժամանակ որոշակի փոփոխություններ անելով:
«Մի փոքր թուլացնում ենք պայմանները, այսինքն՝ գերնորմատիվային հողերի սուբսիդավորման արտոնությունը վերանայում ենք, այսինքն՝ այժմ արդեն ներդրողները կամ ֆերմերները, որոնք ինտենսիվ այգիներ կտնկեն, գերնորմատիվային հողերից կախված որևէ առավելություն չեն ստանա,- ասաց նա և ներկայացրեց նաև մյուս փոփոխությունը. «Մի քիչ ավելի լավացրել ենք բարձրարժեք հատիկաընդեղենի ֆինանսավորման պայմանները, որպեսզի խթանենք դա»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի, և որ ջրային պաշարների ճիշտ կառավարման համատեքստում և ընդհանրապես հողերի կառավարման համատեքստում պետք է ուժեղացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը: Նաև իշխող ուժի նախընտրական ծրագրում է արձանագրված՝ պետք է աջակցել, որպեսզի տարեկան մոտ 1000 հեկտար ինտենսիվ այգի հիմնվի:
Փաշինյանը նաև նշեց, որ ոլորտում կան չարաշահումներ, երբ քաղաքացին օգտվել է ֆինանսավորումից, բայց ինտենսիվ այգի չի հիմնվել: Այդ մասով քրգործեր կան հարուցված:
«Ով գողանում է, թող գնա, պատասխանատվություն կրի, բայց եթե մենք մի 2, 3, 4, 5, թեկուզ 10 ընկերության պատճառով պետք է այդ ոլորտը ոչնչացնենք, ստացվում է՝ Հայաստանի ապագան ենք ոչնչացնում: Չի կարելի այդպիսի բան անել»,- ասաց վարչապետը և նշեց, որ պետք է ընթացակարգերը լավարկել, բոլոր սողանցքներն ու միջանցքները փակել, որպեսզի դա տեղի չունենա:
Քերոբյանը նկատառում արեց՝ եթե պատժվում են մարդիկ, որոնք գողություն չեն արել, կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է՝ պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը:
«Հիմա մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու: Կարծում եմ՝ պետք է մշակութային փոփոխություններ անենք և հասկանանք՝ մենք թո՞ւյլ ենք տալիս, որ մարդիկ սխալներ անեն երբեմն»,- ասաց Քերոբյանը:
Փաշինյանը արձագանքեց՝ խոսքը սխալվելու իրավունքի մասին չէ, այլ սկզբունքի՝ բյուջեից փող տարե՞լ են, թե՞ չէ: Սա է պետք պարզել: