Հայտնի են Գրքի երևանյան 5-րդ փառատոնի մրցանակակիրները

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնն այս տարի նվիրված էր Վահագն Դավթյանի 100-ամյակին: Փառատոնի կազմակերպիչն էր  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը:

Գրքի երևանյան 5-րդ փառատոնն ամփոփվել է ավանդույթ դարձած գրական մրցանակաբաշխությամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։

 Հայտարարվել էր գրական մրցույթ «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում:

Ներկայացված ընդհանուր 165 հայտատուներից հաղթող են ճանաչվել. «Արձակ» անվանակարգում՝ Տիգրան Պասկևիչյանը, «Պոեզիա» անվանակարգում հավասար միավորներով՝ Կարեն Անտաշյանը և Մարինե Պետրոսյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Աննա Դավթյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Խաչիկ Գրիգորյանը: Հաղթողները նշել են՝ մրցանակը պարտավորեցնող է, և վստահեցրել՝ նոր ոգևորությամբ են շարունակելու ստեղծագործել: Այս տարի առաջին անգամ սահմանվել էր նաև հատուկ մրցանակ՝ «Փառատոնի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, հայ դասական և ժամանակակից գրականությունը հետևողականորեն թարգմանաբար հանրահռչակելու համար», որին արժանացել է Լիլիթ Մելիքսեթյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print