ԱՄՆ Սենատում տապալվել է Ուկրաինային օգնության նախագիծը

Թեև նախագիծը Սենատ էր հասել դեմոկրատների և հանրապետականների բանակցությունների արդյունքում, շատ հանրապետականներ դեմ արտահայտվեցին դրան, երբ այն քննադատվեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, որը, հավանաբար, կլինի կուսակցության թեկնածուն այս տարվա նախագահական ընտրություններում:

ԱՄՆ Սենատը չի ընդունել փոխզիջումային բյուջեն, որով օգնություն պետք է տրամադրվեր Ուկրաինային և Իսրայելին՝ Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով հսկողության խստացման դիմաց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սենատում օրինագծերի ընդունման համար սովորաբար անհրաժեշտ է լինում 100 սենատորներից 60-ի կողմ ձայները, որից հետո նախագծերն ընդունվում են պարզ մեծամասնությամբ:

Այս նախագծին կողմ է քվեարկել ընդամենը 49 սենատոր, դեմ՝ 50-ը՝ նրանցից 44-ը՝ հանրապետական, 4-ը՝ դեմոկրատ և 1 անկախ սենատոր՝ Բեռնի Սանդերսը: Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը նույնպես դեմ է քվեարկել, որպեսզի հետագայում կարողանա  նմանատիպ առաջարկ քվեարկության բերել: Թեև նախագիծը Սենատ էր հասել դեմոկրատների և հանրապետականների բանակցությունների արդյունքում, շատ հանրապետականներ դեմ արտահայտվեցին դրան, երբ այն քննադատվեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, որը, հավանաբար, կլինի կուսակցության թեկնածուն այս տարվա նախագահական ընտրություններում:

Արդյունքում՝ գործարքին կողմ քվեարկեց ընդամենը 4 հանրապետական՝ Լիզա Մուրկովսկին, Սյուզան Քոլինզը, Միթ Ռոմնին և Ջեյմս Լանկֆորդը, որոնք մասնակցել են փոխզիջումային օրինագծի շուրջ ուղիղ բանակցություններին։ Առաջին երեք սենատորները հայտնի են Թրամփի նկատմամբ իրենց քննադատական դիրքորոշմամբ, իսկ Ռոմնին որոշել է ավարտել իր քաղաքական կարիերան և մտադիր չէ վերընտրվել։ Դեմոկրատները մտադիր են առաջիկա օրերին քվեարկության դնել Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի համար նույն ծավալներով օտարերկրյա օգնության մասին օրինագիծը, բայց առանց սահմանին հանրապետականներին զիջումների: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ այս նախագիծը հնարավորություն ունի հավաքել 60 կողմ ձայն։ Եթե դա տեղի ունենա, հաջորդիվ կպահանջվի Ներկայացուցիչների պալատի հաստատումը, որտեղ Թրամփի ազդեցությունը հանրապետականների վրա ավելի ուժեղ է, և նման օրինագծի ընդունման հեռանկարներն ավելի մշուշոտ են:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print