Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու և հովանավորչության համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր 28 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու և հովանավորչության համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր 28 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

ՔԿ-ից  հայտնում են, որ մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց մտացածին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ: Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար վերջիններս համաձայնեցված միջոցներ են ձեռնարկել, որոնց արդյունքում Գ. Հ.-ի որդին ձևական հաշվառվել է Սյունիքի մարզի համայնքներից մեկում՝ այդպիսով ընդգրկվելով ՊՆ պաշտոնատար անձի ղեկավարած բաժանմունքի սպասարկման տարածքում:

Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՊՆ պաշտոնյան, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Գ. Հ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար, 2023 թվականի մայիսի 21-ին Գ. Հ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը, մտերիմ փոխհարաբերություններ ունենալով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ծառայողներից մեկի հետ, վերջինիս միջնորդությամբ պայմանավորվածություններ է ձեռք բերել Կապան համայնքի բնակիչ ամուսինների հետ՝ 5.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց նրանց որդու օգտին գործողություն կատարելու և հովանավորչության, այն է՝ հարկ եղած դեպքում զորակոչման գործընթացին միջամտելու և տարկետում ձևակերպելը երաշխավորելու վերաբերյալ:

Արդյունքում՝ ՊՆ պաշտոնյայի կողմից միջնորդ անձի միջոցով կաշառքի գումարը ստանալուց հետո զորակոչիկին տրամադրվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից  տարկետում:

Վերը նշված հանցավոր արարքների համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ վերջինիս կաշառք տված և կաշառքի միջնորդություն կատարած անձանց՝ 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 437-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print