Զախարովան Ալիևի ընտրությունը քննադատած ԵԱՀԿ զեկույցը «քաղաքական առումով կողմնակալ» է որակել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծաղրել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցը, գրում է News.ru-ն:

Նա նշել է, որ կազմակերպության ներկայացուցիչները եղել են «քաղաքական առումով կողմնակալ» և հավատարիմ են եղել «նախապես կազմված գրավոր զեկույցին»։

«Ես մի հարց ունեմ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին: Նրանք որևէ բան լսե՞լ են պետության համար կրիտիկական պահին հասարակության կոնսոլիդացիայի հայեցակարգի մասին։ Կարծում եմ, նրանք ոչինչ չեն լսել: Իսկ եթե նրանք ոչինչ չեն լսել, նշանակում է, որ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է հետևել ընտրություններին», – ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները:

«Սա լուրջ հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և արդյոք արդյունքներն արդար են եղել», – ասվում է զեկույցում:

Նշվում է, որ ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել, սակայն զուրկ է եղել իսկական բազմակարծությունից, և քննադատների ձայնը շարունակաբար ճնշվել է:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print