Էրմիտաժի թանգարանում բացվել է Ուրարտու պետության Էրեբունի քաղաքի անկյուն

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում հաշված րոպեների ընթացքում կարելի է խեղաթյուրել ժողովուրդների պատմությունը՝ կերտված արյամբ և մարդկային սխրանքներով։

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի թանգարանի Հին Արևելքի բաժնում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել Ուրարտու պետության հնագույն քաղաք Էրեբունու անկյան հանդիսավոր բացումը, որին մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ականավոր հնագետ, արևելագետ, Էրմիտաժի նախկին տնօրեն Բորիս Պիոտրովսկու 115-ամյակին նվիրված ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի Էրեբունի պատմաերկրագիտական թանգարան-արգելոցի երեք բացառիկ գտածոներ. այն այցելուների համար բաց կլինի շուրջ մեկ տարի:

Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը՝ դեսպան Հարությունյանն իր խոսքում նշել է, որ ներկայացված նմուշները հնարավորություն են ընձեռնում ծանոթանալու Հայաստանի հնագույն պատմությանը՝ որպես մարդկության զարգացման հիմքերից մեկի։ Նա ընդգծել է, որ Ուրարտու պետության բարձր քաղաքակրթությունը թողել է հարուստ ժառանգություն, որի շարունակությունը հայ ժողովրդի բացառիկ մշակույթն է։

«Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում հաշված րոպեների ընթացքում կարելի է խեղաթյուրել ժողովուրդների պատմությունը՝ կերտված արյամբ և մարդկային սխրանքներով։ Դա վերաբերում է նաև Հայաստանի հնագույն պատմության ճշմարտացիությանը, որն այսօր ուրիշները փորձ են կատարում էժանագին գործիքակազմով փոխել՝ ծառայեցնելով սեփական շահերին»,- ասել է Վաղարշակ Հարությունյանը:

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու գնահատմամբ՝ հայ ժողովուրդը մեծ ավանդ ունի համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, որի վկայություններից են ներկայացված նմուշները, որոնք ժամանակին գտնվել են Երևանի Կարմիր բլուր հնավայրից:

«Մենք այսօր հայտարարում ենք Կարմիր բլուրում ռուս-հայկական հնագիտական արշավների վերածննդի մասին։ Այնտեղ ժամանակին հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում գտնված իրերի մի մասը ցուցադրության է ներկայացված։ Այս իրադարձությունը մաս է Բորիս Պիոտրովսկու հիշատակի միջոցառումների»,- նշել է Էրմիտաժի գլխավոր տնօրենը։

Դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Էրմիտաժի տնօրենին Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում նշանակալի ավանդի համար և նրան շնորհել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալ։

Թանգարանային համագործակցության շրջանակներում առաջիկայում Երեւանում կբացվի Էրմիտաժի անկյուն։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ հնագիտական արշավներ կազմակերպելու մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print