300 հատ կեղծ 100 դոլարանոցներ է իրացրել տարբեր մարզերում

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կատարված անձնական խուզարկությամբ և տրանսպորտային միջոցի զննությամբ քաղաքացու մոտ հայտնաբերվել է 11 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ արտարժույթ, ևս 46 հատ՝ բնակարանի խուզարկությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համագործակցությամբ, բացահայտել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, խոշոր չափերով կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու սխեմատիկ հանցագործության դեպք։ 

Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը իրացնելու նպատակով համաքաղաքացուց ձեռք է բերել և պահել խոշոր չափերով՝ 300 հատ 100 ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, ըստ նախնական տվյալների, իրացրել է Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում։

Այդ նպատակով վերջինս պայմանավորվել է ուղևորափոխադրումներ իրականացնող իր ծանոթի և վերջինիս կնոջ հետ՝ հանցանքը համատեղ կատարելու շուրջ, և 2024թ. փետրվարի 7-ին կեղծ արտարժույթը հիշյալ անձի կողմից վարած ավտոմեքենայով տեղափոխել Վայոց ձորի մարզ:

Նույն օրը Ջերմուկ քաղաքի շուկայում գնումներ կատարելու եղանակով, 7 հատ 100 ԱՄՆ կեղծ թղթադրամներ իրացնելով վաճառողներին, դրանք դրել են շրջանառության մեջ: Օրեր անց կրկին փորձել են գնումներ կատարելու եղանակով կեղծ թղթադրամներն իրացնել,  սակայն ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողների կողմից ուղևորափոխադրում կատարող անձը տեղափոխվել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ  կատարված անձնական խուզարկությամբ և տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 11 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ արտարժույթ, ևս 46 հատ՝ բնակարանի խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրամեղադրանք է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչներ ամուսիններին և կեղծ թղթադրամները համաքաղաքացուն իրացրած անձին։

Միջնորդություններ են հարուցվել դատարան՝ 4 մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի որոշմամբ նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, իսկ Երևանի բնակչի կնոջ նկատմամբ՝ տնային կալանք։

Նախաքննությունը շարունակվում է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print