Մհեր Գրիգորյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ

Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ այս տարի ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են․ 

«Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ:

Քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակներում փետրվարի 14-15-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի համանախագահությամբ Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում արձանագրվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններում հարաբերությունների զարգացմանը միտված պայմանավորվածություններ:

Նիստին նախորդել է ԻԻՀ նախագահի տեղակալի հետ երկկողմ հանդիպում, որի ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը: Ընդգծվել է նախորդ՝ 2023 թվականին «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը և Ագարակ-Քաջարան 32կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածությունը: Փոխվարչապետ Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print