Փաստաբանի խոսքով` Ալթունյանի կալանքի իրավաչափության հարցը վիճարկման առարկա է, կա նաև ՄԻԵԴ ներկայացված գանգատ։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է, այս մասին հայտնել է Ալթունյանի շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։
Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավ և ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Փաստաբանն ավելացրեց, որ Գևորգ Ալթունյանի կալանքի իրավաչափության հարցը վիճարկման առարկա է, կա նաև ՄԻԵԴ ներկայացված գանգատ։
Նշենք, որ Գևորգ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում «փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։