«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» և կից օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:
Գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Պատվավոր կոչումներ ստացած անձինք շարունակելու են օգտվել օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից և արտոնություններից: Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են եղել. այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» և կից օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը, նշել, որ կոչումներ շնորհելը Խորհրդային Միության օրենսդրությամբ սահմանված նորմ է:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անընդունելի է համարել օրենսդրական առաջարկը, նշել, որ մի քանի անհաջող օրինակների հիմնավորմամբ վերացվում է անձի անհատական արժևորման ինստիտուտը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, վկայակոչելով համաշխարհային մրցանակաբաշխությունների ժամանակ տրվող կոչումները, արձանագրել է, որ արժեքավոր են այն կոչումները, որոնք տրված են ոչ թե պետությունների, այլ՝ անկախ կայացած մասնագիտական ակադեմիաների կողմից:
«Մենք բոլոր եղանակներով պետք է խրախուսենք արժանիքներ ունեցող մասնագետներին: Զուգահեռ չպետք է ստեղծենք իրավիճակ, երբ մարդն օգտագործում է այս կամ այն կոչումը որպես ոչ թե իր մասնագիտական ժառանգության կամ ստեղծագործության գնահատական, այլ՝ լրացուցիչ հնարավորություն օգտվելու որոշակի արտոնություններից, որոնցից չեն օգտվում մյուսները»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: