Կներդրվեն նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական ստանդարտներ և ոլորտը կարգավորող էլեկտրոնային կառավարման համակարգ։
ՀՀ–ում առաջին անգամ հնարավոր կլինի խաղային ոլորտի ցանկացած հատվածի վրա իրականացնել հսկողություն իրական ժամանակահատվածում։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին նախագիծը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունն ընդունեց մոլախաղերին մասնակցելու նոր սահմանափակումները։ Ըստ դրանց`
-Կապահովվի թափանցիկություն` խաղային գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ շրջանառության նկատմամբ վերահսկողությունը լինի առցանց,
-Կներդրվեն պատասխանատու խաղի կանոններ։
Առաջարկվող փոփոխություններով տարանջատվում են նաև շահումով խաղերի տեսակները` մոլախաղ, ինտերնետ մոլախաղ, բուքմեյքերային գործունեություն, շահումով այլ խաղեր, որոնց մեջ մտնում են մանկական խաղային ապարատները, այսպես կոչված «խվատայկաները»։
Բադասյանի խոսքով կներդրվեն նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական ստանդարտներ և ոլորտը կարգավորող մարմին էլեկտրոնային կառավարման համակարգ։
«Կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, մրցույթ կհայտարարվի, որպեսզի ընտրենք օպերատորին ու նրան ներկայացվող մանրամասները օրենքից բացի նաև ենթաօրենսդրական ակտով սահմանվեն։ Նախատեսվում է, որ օպերատորը խաղի կազմակերպիչների հետ կնքելու է պայմանագրեր, ըստ որոնց էլ խաղի կազմակերպիչները նրան կկատարեն վճարումներ»,– մանրամասնեց Բադասյանը։
Օտարերկրյա շահումով խաղերը ՀՀ տարածքում արգելելու համար ՊԵԿ–ը նախատեսում է արգելափակել այդ կազմակերպությունների IP հասցեները ՀՀ տարածքում։ Բացի այդ, մեր երկրի կենտրոնական բանկը պարտավոր կլինի վերահսկողություն սահմանել առևտրային բանկերում արտասահմանյան խաղային ոլորտի կազմակերպիչների հաշվեհամարների նկատմամբ, որպեսզի արգելափակվեն բոլոր փոխանցումները։
«Աշխարհում 100 տոկոսով գործող մոդել դեռևս գոյություն չունի. մենք փորձում ենք մաքսիմալ լավագույն լուծումները ներդնել»,– նշեց Բադասյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննչական կոմիտեից ու իրավապահ այլ մարմիններից առաջարկներ են ստացել, որպեսզի շահումով խաղերի մասնակցությունը սահմանափակվի նաև պետական ծառայողների համար։ Բադասյանը նշեց, որ այդ նպատակով ընդհանրական ալգորիթմային լուծումներ են մտածում։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, խոսելով մանկական շահումով խաղերի մասին, նշեց, որ դրանք իրենց էությամբ շատ վտանգավոր են։
«Մենք պատրաստում ենք պատանի խաղամոլներ. ձեր երեխաների հետ նման վայրերում զբոսնելիս տեսե՞լ եք նրանց աչքերի փայլը, երբ 1000 դրամ տալիս են, 200 դրամ շահում` իբր շահում ունեցան»,– ասաց Աղազարյանը։