ՀՀ վարչապետը տիկնոջ հետ կմասնակցի Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
«Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվենք Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Այսօր հանդիպում կունենամ նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և այլ գործընկերների հետ»,- գրել է ՀՀ վարչապետը: