Ներքին Հանդում էսկալացիան կանխել են ռուս սահմանապահները․Կոպիրկին

Դիվանագետն անազնիվ է համարում սահմանապահներին միջադեպը չկանխելու մեջ մեղադրելը։

Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Ներքին Հանդ գյուղի մոտ վերջերս տեղի ունեցած ռազմական միջադեպը և դրա հետ կապված ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։

Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Ռուսաստանը, ի տարբերություն ԵՄ դիտորդական առաքելության, մուտք ունի Ներքին Հանդի սահմանային հատված, բայց չի կարողացել կանխել միջադեպը:

ՌԴ դեսպանը կարծում է, որ Ռուսաստանի հասցեին քննադատական դիտողությունները չափազանց միակողմանի են։ Նրա մոտ հարց է առաջանում` ի՞նչ է նշանակում «չկարողացավ կանխել»։

«Իհարկե, պաշտոնապես հետաքննության արդյունքները, որոնց մասին ասել է հայկական կողմը, դեռ չեն հրապարակվել, բայց ԶԼՄ-ներում արդեն գրվել է, որ միջադեպի սկիզբը հայկական կողմի կրակոցն է եղել։ Ընդ որում, կրակողը նույնիսկ զինծառայող չի եղել, այլ Երկրապահ կամավորական ջոկատի անդամ։ Հավանաբար, դա կամավորների շարքերում կարգապահության հարց է։ Հայտնի է, որ ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են խաղացել էսկալացիա թույլ չտալու հարցում», – նշել է նա։

Դիվանագետն անազնիվ է համարում սահմանապահներին միջադեպը չկանխելու մեջ մեղադրելը։ Եվ երբ Կոպիրկինն այդ ամենը դիտարկում է ռուս խաղաղապահների, սահմանապահների նկատմամբ հնչող զանգվածային քննադատության համատեքստում, երբ այդ ամենը դրվում է հայկական կողմի ՝ տարածաշրջանում կարգավորման հարցում Ռուսաստանի հետ աշխատելու անպատրաստ լինելու համատեքստում, ապա, իհարկե, նրա մոտ հարցեր են առաջանում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print