2023-ին ապահովվել է 2 տրիլիոն 222 միլիարդ բյուջետային եկամուտներ:
Կառավարությունը մինչև մարտի 1-ը խորհրդարանին կներկայացնի 2023 թ. կատարման ընթացքը և արդյունքների մասին զեկույցը. այս մասին այսօր գործադիրի նիստում, ներկայացնելով նախագիծն, ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, ավանդույթի համաձայն, կառավարության գործունեության կատարման ընթացքը ավելի մանրամասն քննարկում են խորհրդարանական ձևաչափով, ապա ընդգծեց, որ պետք է երկու հանգամանքի վրա ուշադրությունը կենտրոնացնել. «Առաջինը՝ մենք 2021թ. նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7% տնտեսական աճ ենք ապահովելու, ինչն, իհարկե, շատ հավակնոտ ցուցանիշ է։ Կարող եմ ասել, որ 2023թ. մեզ հաջողվել է արձանագրել 8.7% տնտեսական աճ։ Նաև հիշեցնեմ, որ 2022-ին այդ ցուցանիշը 12.6% էր։ Եթե նախընտրական տարին էլ հաշվի առնենք, տնտեսական աճի ցուցանիշը 5.6% էր։ Եվ, ըստ էության, նույնիսկ 2021թ. ցուցանիշների հաշվառումով, մենք միջինում կատարել ենք 7% տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որը համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլորտների վրա ունենում է կոնկրետ ազդեցություն»։
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց բյուջետային ցուցանիշը, քանի որ 2023-ին ապահովվել է 2 տրիլիոն 222 միլիարդ բյուջետային եկամուտներ. «2017 թ. բյուջետային եկամուտների նկատմամբ այդ ցուցանիշն ավել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով։ Այսինքն, բյուջեի աճը (խոսքը հարկային եկամուտների մասին է) կազմել է 92%»։