Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։
Փետրվարի 12-ին Ներքին Հանդում հայտնաբերվել էր 40-ամյա Գոռ Ասատրյանի դին։ ԵԿՄ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կազմակերպության անդամ Ասատրյանը նախորդ օրը, նախնական, տվյալներով հանկարծամահ է եղել։ Սակայն քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ասատրյանին սպանել են։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2024թ․ փետրվարի 12–ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել և, ըստ նախնական տվյալների, հանկարծամահ է եղել:
«Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։
Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- ասացին ՔԿ-ից։
Նախաքննությունը շարունակվում է։