Զորակոչի տարիքը 27-ից կդառնա 28 տարեկան․ Նախարար

Պետությանն անհրաժեշտ մասնագիտություններով որակյալ կադրեր ապահովելու համար այսօր ԱԺ հերթական նիստում ՀՀ կառավարությունը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել։

Ներկայացնելով նախագիծը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն առաջարկել է քաղաքացիների բանակ զորակոչի տարիքային շեմը ներկա 27 տարեկանի փոխարեն սահմանել 28 տարեկանը։ «Շատ են դեպքերը, երբ նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած սովորողներն ասպիրանտուրայի երկրորդ կուրսում զորակոչվում են՝ օրենքի պահանջի համաձայն։ Սա առաջացել է նրանից, որ կրթության տեւողությունը դարձել է 12 տարի, իսկ 27-ը՝ մնացել անփոփոխ։ Շեղում է առաջացել, ինչը բերում էր արհեստական լուծումների»,-մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարը։

Վահրամ Դումանյանն ավելացրել է նաև, որ ըստ նախագծի նախատեսվում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել։ Ընդ որում տարկետման իրավունք առաջարկվում է սահմանել ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի դիմորդների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print