ՀՀ իշխանությունը ցանկանում է փոխել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի վարձակալության պայմանագիրը

ՀԾԿՀ նախագահի թեկնածուն վստահեցրեց, որ ՀՀ–ում սանիտարական առումով ջրի որակի խնդիր չի կարող լինել։

ՀՀ կառավարությունը ցանկանում է փոխել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի վարձակալության պայմանագիրը։ ՀՀ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նշեց, որ ընկերությունն ունի վարձակալության պայմանագիր, որով պարտավոր է սահմանափակ քանակով ներդրումներ իրականացնել։

«2016 թ. պայմանագրով տարեկան 3-4 մլրդ դրամ ներդրում նա պետք է անի, որը մեր գործող համակարգի պարագայում ընդամենը կաթիլ է ծովում։ Հիմա, երբ որոշակի հատվածներում ներդրումներ իրականացնելու անհրաժեշտություն է լինում, ասում են, որ ներդրման սահմանափակ ծավալ կա։ Այդ պատճառով ՀՀ կառավարության կողմից այս պահին կա ստեղծված աշխատանքային խումբ` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, և արմատապես ուզում ենք փոխել ընկերության վարձակալության պայմանագիրը և՛ ներդրումային քաղաքականության, և՛ սպասարկման որակի ցուցանիշների առումով»,– ընդգծեց Բաղրամյանը։

Նա վստահեցրեց, որ սանիտարական առումով ջրի որակի խնդիր չի կարող լինել ՀՀ–ում, քանի որ այն պարբերաբար հսկվում է ՀՀ առողջապահության տեսչության կողմից։

«Այլ խնդիր է, որ ամառային ամիսներին ջրի խնդիրը մեծանում է, քանի որ որոշ տեղերում կան ոռոգման խնդիրներ, ու մարդիկ սկսում են խմելու ջուրն օգտագործել ոռոգման նպատակով։ Արդյունքում ջրի պահանջարկը մեծանում է, ու ընկերությունը ստիպված է լինում Երևանում միացնել Արարատյան պոմպակայանները»,– նշեց Բաղրամյանը։

Արդյունքում «Վեոլիա Ջուր» ընկերությունը ստիպված է լինում Գառնու, Կաթնաղբյուրի կողմից աղբյուրների ջուրը փոխարինել Արարատյան պոմպակայանների ջրով, ու հնարավոր է` այդ դեպքում լինեն ջրի համային ու որակական որոշակի տարբերություններ, բայց ոչ երբեք սանիտարական խնդիր։

Հիշեցնենք` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն 2017թ. հունվարի 1-ից 15-ամյա ժամկետով ստանձնել է Հայաստանի ջրի օպերատորի պարտականությունները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print